Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանձնարարել է պատրաստել օրինագիծ՝ երեխաների և կանանց դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների համար մահապատիժ սահմանելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ekonomist.kg-ից։
Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը բացատրել է, որ Ժապարովի որոշումը կապված է Բարսկուն գյուղի 17-ամյա Այսուլու Մ.-ի դաժան սպանության հետ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին և ցնցել է հանրությանը։ «Նախագահն անձնական հսկողության տակ է վերցրել անչափահաս աղջկա սպանության գործը: Նրա համոզմամբ՝ երեխաների և կանանց դեմ ուղղված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»,- հավելել է Ալագոզովը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանում մահապատիժը վերացրել է նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ 2007 թվականին։