ԲԴԽ-ի այսօրվա կառուցվածքը խնդրահարույց է, քանի որ այն չի ապահովում դատական համակարգի օրգանական կապը ժողովրդի հետ

Դատական համակարգի խնդիրներն իրականում շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրները կառավարող թիմին և Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դատական իշխանության վրա ունեցած ազդեցության, դատարանները «գրպանում պահելու», քաղաքական և այլ գործիչների նկատմամբ հետապնդումների համար, բայց մյուս կողմից պնդում են, թե այդ գործերը «դատարաններում փշրվում են»:

Փաշինյանը կարծում է, որ նոր Սահմանադրությամբ պետք է անդրադառնալ այս խնդիրներին,  մենք խոսում ենք դատական համակարգի անկախությունից, պետք  նախ հասկանանք ումից անկախ պետք է լինի համակարգը , քանի որ ՀՀ-ում բոլոր իշխանությունների համար մի աղբյուր կա, այն է՝ ժողովուրդը: Ես այսօր տեսնում եմ համակարգային պրոբլեմ, որ դատական իշխանությունն օրգանական կապ չունի ժողովրդի հետ, այսինքն՝ կղզիացած վիճակ է, և այդ օրգանական կապի բացակայությունը լրջագույն պրոբլեմներ է ստեղծում»,- ասաց նա և հավելեց, որ դատական և ընդհանրապես պետական համակարգը, որի մասին երազում են, ենթադրում է հանրային լուրջ ներդրումներ:

«Չի կարող լինել մեր հանրային ընկալումներին համապատասխան դատական համակարգ, եթե դատական համակարգը համապատասխան չափով չի ֆինանսավորվում: Այդ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե ԲԴԽ-ի այսօրվա կառուցվածքը խնդրահարույց է, քանի որ այն չի ապահովում դատական համակարգի օրգանական կապն իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել