Այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, քաղաքացիական հասարակության և պետական համակարգի գործընկերների հետ մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների (DPO-ներ) կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ազգային համաժողովին, որը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում ։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։
Համաժողովը միավորել էր քաղաքական որոշումներ կայացնողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և DPO-ներին՝ նպաստելու, որ հաշմանդամության գնահատման և ծառայությունների ոլորտում Հայաստանը կարողանա անցում կատարել գործուն և իրավունքների վրա հիմնված մոտեցման, որը նպատակ ունի ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության միջազգային դասակարգման (ICF) սկզբունքներին համապատասխան ինքնուրույն ապրելու, հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և համայնքային ծառայություններից օգտվելու կարողությունը։
«Այս անցումը կարևոր առաջընթաց է Հայաստանի համար՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ ու հավասար մասնակցությունը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք համատեղ աշխատել, որպեսզի ծառայություններն ու տարբեր միջավայրերն իրականում լիովին ներառական լինեն», – իր ողջույնի խոսքում ընդգծել է Ֆրանկ Հեսսը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարը։