Կապանում սպանություն է տեղի ունեցել. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Կապանում վիճաբանություն է տեղի ունեցել, Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Կատարված հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  ՆԳՆ-ից։ «Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել