Փաստաբան Արա Զոհրաբյանը պատասխանել է Արամ Վարդևանյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Զոհրաբյանին սոցիալական էջից։
«Փաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ):
Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի հեռացման հարցը կարող է ներկայացվել խորհրդին միայն ռեկտորի կողմից:
Արամ Վարդևանյանի առաջարկը երկու հարց է առաջացնում ՝
1. Որպես դատավոր դատավճիռ կայացնելիս, որքան էլ որ անարդար լինի դատավճիռը, արդյոք Արմինե Մելիքսեթյանը կարող էր թույլ տալ ՀՀ փաստաբանական ակադեմիայի իրավական ակտերի խախտում, թե՝ ոչ.
2. Արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին ՀՀ փաստաբանական ակադեմիայից, թե՝ ոչ:

Ինձ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում «չի դրսևորել բարեկիրթ վերաբերմունք»: Եթե բարեկիրթ վերաբերմունք է դրսևորել, բայց ամենաանարդար դատական ակտն է կայացրել: Սա ինչ ենք համարում:
Հետևաբար, դատավորի մասնագիտական գործունեության դրսևորումները չեն կարող ՀՀ փաստաբանական ակադեմիայի ներսում ազդել նրա՝ որպես ունկնդիր, սովորելու իրավունքի վրա:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացակարգերը, այդ թվում՝ քննությունների ծածկագրման ռեժիմը, տարբեր դասախոսների, բողոքարկման հանձնաժողովի, վերահանձնման հանձնաժողովի հարաբերությունները կարգավորող ակտերը և մեխանիզմները պաշտպանում են ունկնդրին ՀՀ փաստաբանական ակադեմիայի որևէ պաշտոնատար անձի, այդ թվում՝ ռեկտորի կամայականությունից:
Արմինե Մելիքսեթյանը որքան էլ անցանկալի անձ լինի ինձ համար, դա ոչ մի կերպ չի կարող ազդել նրա սովորելու իրավունքի վրա:
ՀՀ փաստաբանական ակադեմիան չի կարող անարդարությամբ պատասխանել անարդար դատավորին կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող ունկնդրին:
Եթե պետք է անարդարությամբ պատասխանենք անարդարին, ապա նշանակում է դեպի լավը ոչինչ չի կարող փոխվել:
