Ինչո՞ւ է կալանավորվել փաստաբան Արմինե Հարությունյանը. պաշտպանը մանրամասներ է հայտնում

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրատվամիջոցներով լայնորեն տարածում է ստացել փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորման լուրը, ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ օբյեկտիվ իրականության հետ, ո՛չ իրավաբանության հետ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Արմինե Հարությունյանի պաշտպան Գ. Պ.-ի գրառումից։
«Ըստ նշվածի՝ իբրև Ա.Հ-ը օժանդակել է դատավորի կողմից կաշառք ստանալուն, մինչդեռ դատավորի նկատմամբ որևէ վարույթ և/կամ մեղադրանք առկա չէ, հետևաբար չի կարող խոսք գնալ կաշառք «ստանալու» և առավել ևս կաշառք ստացողին «օժանդակելու» մասին։
ԿԱՐևՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
Վստահաբար հայտնում եմ, որ որպես «կաշառք» ներկայացվող գումարը եղել է փաստաբանական ծառայության մատուցման գումար։ Ի դեպ, տվյալ գործով ստացված ծ/մ գումարի հարկերն էլ վաղուց եղել են վճարված։
Առկա չէ գեթ մեկ ապացույց դատավորի և փաստաբանի կոնտակտի և նման բնույթի խոսակցության մասին։ Առկա չէ գեթ մեկ ապացույց փաստաբանի և վստահորդի միջև նման խոսակցություն տեղի ունեցած լինելու մասին։ Հավանաբար Արմինե Հարությունյանը խանգարում էր ոմանց՝ նկատի ունենալով իր կողմից վարվող խիստ կարևոր քաղաքացիական գործերով (այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով) գրանցած հաջողությունները։
Չի կարելի սին ու կեղծ մեղադրանքներով խաղալ մարդկանց անվան ու ճակատագրերի հետ։
Սա մի իրավիճակ է, որ որևէ կերպ չի կարող հաստատվել առաջադրված մեղադրանքը, քանի որ օբյեկտիվ իրականության մեջ որևէ դատավորի կաշառք չի տրվել»,- նշված է գրառման մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել