Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։
Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ կարգավորումների մասով Խորհուրդը որոշում է ընդունել նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև վերպետական միջազգային կազմակերպության մարմինների նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը Սահմանադրական դատարանի կողմից ստուգելու լիազորություն նախատեսելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է զինված ուժերի մասին կարգավորումներին, Խորհրդի անդամների ակտիվ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված առաջարկների շուրջ շարունակել աշխատանքները՝ Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները հաշվի առնելու և դրանք կրկին քննարկման ներկայացնելու համար: