Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արդարադատության նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

Դատավճռի դեմ՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել