Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Հրապարակ օրաթերթում հրապարակված՝ «ՔՊ-ն չի ներկայացրել 2023 թվականի հաշվետվությունը» վերտառությամբ հոդվածում տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Iravaban.net-ն այս մասին տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Հանձնաժողովը պարզաբանում է, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման պահանջ օրենսդրությամբ նախատեսված չի եղել։ Համապատասխան պահանջը ուժի մեջ է մտել միայն 2025 թվականի ապրիլի 1-ից՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով։ Մինչ այդ, կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հրապարակվում էին azdarar.am կայքում։
Թափանցիկության սկզբունքը պահպանելու նպատակով, ինչպես նաև բոլոր կուսակցությունների հաշվետվությունները մեկ միասնական հարթակում հասանելի դարձնելու համար, Հանձնաժողովը նախաձեռնել է նախորդ տարիների տարեկան հաշվետվությունների թվայնացման և հրապարակման գործընթաց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան հաշվետվությունը նույնպես ընդգրկված է այդ գործընթացում, սակայն հաշվետվության ծավալի և տեխնիկական մշակման առանձնահատկությունների պատճառով այն դեռևս ամբողջությամբ չի թվայնացվել և այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ առայժմ չի արտացոլվել կայքում։
Հանձնաժողովը վերահաստատում է, որ բոլոր կուսակցությունների հաշվետվությունները թվայնացվում և հրապարակվում են նույն ընթացակարգով ու հերթականությամբ։ Միևնույն ժամանակ Հանձնաժողովը ընդգծում է, որ հաշվետվությունների չներկայացումը ենթակա է վարչական պատասխանատվության։ Ավելին՝ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո դրանց չներկայացումը հանգեցնում է կուսակցության գործունեության կասեցման։
Օրենքով սահմանված ժամկետների լրանալուց անմիջապես հետո Հանձնաժողովը ամփոփում է տվյալները և հարուցում վարչական վարույթներ։ Դրանց վերաբերյալ ընդունված որոշումները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքի «Վարույթներ» բաժնի «Կուսակցություններ» ենթաբաժնում։ Վերջինիս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս տեսնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի հաշվետվության ստուգման արդյունքները, ինչը փաստացի բացառում է հաշվետվության չներկայացման հնարավորությունը։
Բացի այդ, Հանձնաժողովի տարեկան և կիսամյակային հաղորդումներում մանրամասնորեն ներկայացվում են կուսակցությունների հաշվետվությունների ներկայացման և դրանց ստուգման արդյունքները։
Հանձնաժողովը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չճշտված տեղեկատվության հրապարակումից։
ԿԿՀ-ն հերքում է. «Հրապարակ» օրաթերթի պնդումները ՔՊ-ի 2023թ. հաշվետվության վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը

