Վրաստանում հետագա ցանկացած բողոքի ցույց կլինի երեկվա կառավարությունը տապալելու փորձի շարունակությունը, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է «Վրաստանի ՆԳՆ-ն։
«Երեկվա իրադարձությունների հիման վրա մենք հիմք ունենք կարծելու, որ հետագա ցանկացած հավաքույթ երեկվա կառավարությունը տապալելու փորձի շարունակությունն է, և մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ հասարակական կարգին և անվտանգությանը սպառնացող վտանգը կանխելու համար», – նշել է նախարարությունը։
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդդիմադիր տրամադրված որոշ քաղաքացիներ հայտարարել են Թբիլիսիում կիրակի օրը՝ ժամը 20:00-ին, հակակառավարական բողոքի ցույց անցկացնելու մասին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է վրացական ԶԼՄ-ներից։
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հայտարարել էր, որ կառավարության «խաղաղ տապալում» տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել ցուցարարների «խաղաղ ցրում»։ Նախարարը հաշվի է առել հոկտեմբերի 4-ի` կառավարությունը տապալելու փորձի հետ կապված ձերբակալվածների թվի աճը. «…Ես նաև կցանկանայի, որ հանրությունն իմանա, որ ցանկացած խախտում կպատժվի ամենախիստ միջոցներով»։