«Գնացել են թուրքերի սահման ու մթերք ու զինամթերք են բերել»․ Ռազմիկ Գալստյանի պատմությունը

Ռազմիկ Գալստյանի տարերքը ֆուտբոլն էր։ Նա նաև այլ մարզաձևերով էր զբաղվել, բայց ամենից սիրելին ֆուտբոլն էր։ Ցավոք, ստիպված է եղել կիսատ թողնել այն և 2020 թվականի հունվարի 17-ին զորակոչվել բանակ։ Եղբոր կինը՝ Անի Հովսեփյանը, Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում ժպիտով ու դրական էմոցիաներով է հիշում ամուսնու եղբորը։ Պատմում է, թե որքան լավ տպավորություն է ստացել, երբ առաջին անգամ հանդիպել են։

«Շատ անմիջական էր, փորձում էր այնպես անել, որ ես ինձ կաշկանդված չզգամ, լավ զգամ։ Առհասարակ ինքը շատ նրբանկատ էր։ Գիտեր սիրել թե՛ սիրած աղջկան, թե՛ ծնողներին։ Իրոք գիտեր, թե ինչպես են սիրում։ Քանի որ ինքը տան փոքր տղան էր, միշտ խոսում էր, թե ինչպես է ուզում տունը վերանորոգել այնպես, որ երեք եղբայրներով, երբ հավաքվեն, հարմարավետ լինի։ Գինեգործության բաժնում էր սովորում և մասնագիտության հետ կապված էլ շատ նպատակներ ուներ։ Բանակից հետո ցանկանում էր շարունակել ֆուտբոլը։ Իր կեցվածքից էլ երևում էր, որ ֆուտբոլիստ էր։ Հոգով ու սրտով ֆուտբոլիստ էր»,- պատմում է Անին։

Նրա զոհվելուց հետո Օշականի ֆուտբոլի մարզադաշտը կոչվել է Ռազմիկ Գալստյանի անունով։

«Ծառայության ընթացքում ինչքան զանգել է, շատ ոգևորված էր։ Ոչ մի անհանգստացնող բան չի եղել, արագ հարմարվել էր այդ կյանքին։ Երբ իմացանք պատերազմի մասին, մտածում էինք, թե հերթական կրակոցներն են, մի քանի օրից կդադարեն։ Այդ ընթացքում էլ, երբ Ռազի հետ խոսում էինք, ոգին տեղն էր, ընդհանրապես կոտրված չէր»,- հիշում է եղբոր կինը։

Ռազմիկը զոհվել է հոկտեմբերի 7-ին։ Երկար ամիսներ նրան փնտրել են։ Ընտանիքի անդամները հույս են փայփայել, որ գուցե ողջ լինի։ Փնտրել են ամենուր։

«Հունվարի 17-ին, իր բանակ գնալու օրը, մարմիններից մեկի գրպանից գտել են իր հեռախոսը։ Հետո ԴՆԹ-ն հաստատեց։ Պատմել են, որ 4 հոգանոց ջոկատով գնացել են թուրքերի սահման ու մթերք ու զինամթերք են բերել։ Երբ հետնահանջի հրաման են ստացել, Ռազը մի քանի րոպե սպասել է, և վայրկյաններ անց անօդաչուն ընկել է նրանց վրա։ Պատերազմը մեր ընտանիքի համար մինչ հիմա չի ավարտվել։ Ամեն ինչ կիսատ է մնացել»,- ասում է Անին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել