«Գնացել էին հրամանատարի դին բերեին, իրենք էլ հետ չեկան»․ Շավո Սամսոնյանի պատմությունը

Շավո Սամսոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 13-ին։ Մայրը՝ Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է, որ որդու հայրենասիրությունը նկատել է դեռ մանկուց։ Ասում է՝ նրա առաջին ուսուցիչն էր, որ այդպես է դաստիարակել. դասարանը կոչել էր «Արցախիկներ»։

«Փոքր տարիքից շատ ակտիվ էր, չարություն շատ էր անում։ Բայց միևնույն ժամանակ ամաչկոտ էր, քաշվող։ Եթե դասերը ավարտում էր, ամաչում էր ներկայացնել ուսուցչին»,- որդուն նկարագրում է մայրը։

Նա հորդորել է որդուն մեկնել Ռուսաստան՝ ծառայությունից խուսափելու համար, որովհետև շատ էր վախենում՝ զոհերի մասին լսելով.
«Ասաց՝ մամ, ի՞նչ ես խոսում։ Եթե ես չգնամ, մյուսն էլ չգնա, ով պիտի պաշտպանի հայրենիքը»։

Շավոն զորակոչվել է բանակ 2019 թվականի հունվարի 29-ին, ծառայել է Իջևանում։

«Երբ պատերազմը սկսվեց, խոսեցի հետը։ Ասացի՝ Շավո ջան, կարող ա՞ քեզ էլ տանեն։ Ասաց՝ մամ ջան, մենք էլ այստեղ դիրքեր ունենք, չենք կարող թողնել, գնալ։ Հոկտեմբերի 18-ն էր, ժամը 1:30։ Խոսեցինք, բայց հետո անջատվեց ու դարձավ անհասանելի։ Այդ օրն էլ տարել էին Արցախ։ Իրենց, որ տարել էին, 75 հոգի են եղել։ 2-3 հոգի են ողջ մնացել։ Մեկն էլ իր ընկերն է, միշտ գալիս է ինձ տեսակցության։ Ասաց, որ դիրքը գրավված է եղել, գնացել են հրամանատարի դին բերելու, բայց էլ չեն վերադարձել։ Վերջին անգամ զանգել էր մեծ տղայիս՝ ասել՝ Ռոման, ինձ տարել են, բայց մամային չասեք։ Եթե իմանայի, կմահանայի։ Մեծ որդուս ասել էր՝ խոսք տուր, որ մամային ու պապային լավ կնայես»,- պատմում է մայրը։

Նրա խոսքով՝ տղաները կամավոր են մեկնել Արցախ։ Շավոյի մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 19-ին։ Նրա փրկված ընկերը պատմել է, որ պայթյունից հետո փորձել է Շավոյի անշնչացած մարմինը տեղափոխել, սակայն չի կարողացել՝ ինքն էլ վիրավորվել էր ոտքից։ Շավոյի մայրն ասում է՝ հիմա այդ տղան իրեն «մամա» է ասում՝ որդու փոխարեն։

Շավո Սամսոնյանը շատ երազանքներ ուներ, որոնք կիսատ մնացին 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել