Այսօր անցկացվեց 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ելույթ ունեցավ քննարկմանը
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալներ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սկսում ենք 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկումները և առաջին բանը, որ ուզում եմ ընդգծել, հետևյալն է՝ ըստ էության, առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, այսինքն՝ ըստ էության, առաջին անգամ է, երբ մենք բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում:
Նաև առիթից ուզում եմ օգտվել և ևս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և այդ խաղաղությունն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն: Մի մասի մասին խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել, որ արդեն մեկ տարի ութ ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել: Եվ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբեք, երբևէ այսպիսի մեկ տարի ութ ամիս չենք ունեցել:
Բայց կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ նույնպես ի հայտ է բերում հաստատված խաղաղությունը և մասնավորապես՝ նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է և նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը: Բայց կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին և նաև համապատասխան քայլեր անի:
Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր- Սիսիան-Գորիս երթուղիով: Այսինքն՝ ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք հենց այսօր կարող ենք իրականացնել: Այսինքն, եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետի՝ դեպի Ադրբեջան ուղևորվելու համար, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ: Այսինքն, եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա դեպի Թուրքիա անցում կատարելու համար, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։
Իհարկե, մեր իրավիճակներն Ադրբեջանի հետ մի քիչ տարբեր են, դուք տեղյակ եք, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը, և դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով: Եվ իրավիճակների տարբերությունը ի՞նչ է, որ ըստ էության, Ադրբեջանը Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի, բայց իմ հայտարարությունը վերաբերում է բոլոր ուղղություններով, որովհետև կարող է պարզվի ինչ-որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա, և մենք ուղղակի այսպես դահլիճային պայմաններում դա չենք արձանագրում: Այսինքն, ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները:
Իհարկե այս հայտարարությունը, որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրի երրորդ և չորրորդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք և ամբողջական: Այսինքն` կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, մենք հնարավորություն կունենանք այդ ամենն իրականացնել:
Կարծում եմ` առիթ ունի հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը Վաշինգտոնի Հռչակագրի երրորդ և չորրորդ հոդվածներում: Երրորդ հոդվածը, որ մեջբերում ենք, մասնավորապես ասում է. «Մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջպետական փոխադրումների համար երկու երկրների, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Սա երրորդ կետն է: Իսկ չորրորդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման «TRIPP» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ բավական ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում նախագծի իրականացման շուրջ։ Իհարկե, նախագիծը մեզ համար և տարածաշրջանի համար նոր է, ունի բազմաթիվ նրբություններ, և ես համոզված եմ, որ մենք հնարավոր ամենաարագ ժամկետներում այդ խնդիրները կքննարկենք, լուծումներ կգտնենք և կիրականացնենք այդ ծրագիրը:
Հարգելի ներկաներ,
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Շատ կարևոր է արձանագրել, ըստ էության, սա մենք պետք է անընդհատ ասենք, որովհետև հիմա կասեմ նաև, թե ինչու պետք է անընդհատ ասենք, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է: Դա հաստատված փաստ է: Եվ մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է: Հասկանու՞մ եք՝ անծանոթ երևույթ է: Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունն իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ: Նույնիսկ անկախությանը նախորդող բավական երկար ժամանակաշրջանում, ըստ էության, մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում, և ապրել խաղաղության պայմաններում, ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում և մտածողության ձևեր, դա պարզ խնդիր չէ: Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար: Սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ խնամք տանելու անհրաժեշտության առումով, որովհետև մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։
Իհարկե, այս հարցում մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատանքն Ադրբեջանի հետ, շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական խողովակներով, նաև տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում. վերջերս Ազգային ժողովի նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի խոսնակի հետ, նախորդիվ՝ փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խմբերի հանդիպումը տեղի ունեցավ, նաև ըստ էության, ամենօրյա աշխատանք է տեղի ունենում հեռավար ձևաչափով: Եվ սա, ըստ էության, արդեն մեր առօրյայի, նախկինում էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները մեր ամենօրյա առօրյայի անբաժանելի մասն են: Հիմա տարբերությունն այն է, որ խաղաղության օրակարգն է, Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։
Եվ այս առումով, քանի որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն ենք քննարկում, ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է համենայնդեպս՝ Կառավարության տեսակետից, բայց ոչ միայն Կառավարության տեսակետից: Պիտի ընդգծեմ, որ հարցն այդպես է և՛ Կառավարության տեսակետից, և՛ պատմական տեսակետից, և բոլոր հնարավոր մյուս տեսակետներից: Այսինքն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը կամ անհրաժեշտությունը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը՝ Հայաստանը հետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ:
Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով՝ Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը: Ես հիմա խուսափում եմ ասել, որ տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև կարծում եմ, որ ապագան հիմա է: Մենք սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավար մի բան, բայց նաև ուզում եմ վերադառնալով, քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, նշել, որ 2021 թվականին ընտրություններին կառավարող քաղաքական ուժը մասնակցեց «Ապագա կա» կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Սա է այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք, հարգելի գործընկերներ։ Ապագան այլևս վաղը չէ։ Եվ, իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել: Կարգախոսը նրա մասին չէր, որ ապագա լինելու է, ապագա կա և ապագան կա այն ժամանակ, ինչ-որ իմաստով, սպասվող այսօր, ներկա: Այսինքն՝ ապագան այսօր է: Շատ կարևոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք և հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չէ։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է։
Եվ այս առումով, իհարկե, առանցքային նշանակություն ունի, այդ թվում՝ խաղաղության տրամաբանության մեջ, այն, որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը և պետությունը, որովհետև պետականությունը և պետությունն առանցքային նշանակություն ունեն, այդ թվում՝ խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաև պետության ֆունկցիան շատ կարևոր է ճշգրտել:
Եվ այս ընթացքում Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաև այդ ֆունկցիան, որովհետև հնչած, թե չհնչած, ձևակերպված, թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ. ի վերջո, ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդող շրջանում ձևակերպված, թե չձևակերպված, գիտակցված, թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար:
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով, և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելն է: Եվ մեր բոլոր ռազմավարությունները, ներառյալ՝ անվտանգային, պաշտպանական և այլն, տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Սա շատ կարևոր նրբություն է:
Մենք, օրինակ, իհարկե, նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաև, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը՝ այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը: Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու: Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք «պաշտպանունակ բանակ», որովհետև երբ ասվում է մարտունակ բանակ, չի տեղորոշվում՝ այդ պոտենցիալ մարտը որտե՞ղ է տեղի ունենում կամ որտե՞ղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններից։
Իհարկե, մենք հիմա կարող ենք պաշտպանության ոլորտի, կրթության ոլորտի, ցանկացած ոլորտի տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել։ Շատ կարևոր է՝ գնահատելով պետական բյուջե հասկացությունը, արձանագրել, թե բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք՝ մեր հանրային օրակարգի, այդ բոլորն արտահայտված են պետական բյուջեի մեջ այս կամ այն չափով։ Այսինքն, երբ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է, հանրապետության կենսագործունեությունն ապահովելու մասին է, ներառյալ՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և կենսագործունեությունն ապահովելու մասին: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք «պետական բյուջե» երևույթի մասին, ինքներս իրար հետ էլ շատ խոսենք: Մենք բավարար չափով խոսում ենք, բայց ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ էլ կա: Բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ, ի՞նչ է և ինչպե՞ս է ձևավորվում պետական բյուջեն»:


