Հայաստանում նախատեսվում է ներդնել համընդհանուր հետվճարի նոր համակարգ, որն ուղղված է խթանելու անկանխիկ առևտուրը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ քննարկելով «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,-ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կշարունակվի նաև ներկայումս գործող թոշակառուների հետվճարի ծրագիրը, որը կընդլայնվի։ Կառավարության առաջարկությամբ՝ թոշակառուների կատարած անկանխիկ վճարումների վրա կիրառվող հետվճարի տոկոսադրույքը կբարձրանա 12%-ից մինչև 20%, իսկ ամսական վերադարձի առավելագույն չափը՝ 6000 դրամից մինչև 10000 դրամ։
Այս փոփոխության արդյունքում, ըստ կառավարության հաշվարկների, անկանխիկ կենսաթոշակ ստացող և անկանխիկ վճարումներ կատարող թոշակառուների եկամուտները կաճեն մոտ 3000–4000 դրամով։


