Զբոսաշրջիկների պաշտպանություն՝ անվտանգության նոր չափորոշիչներով․ Նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ նոր որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  • Սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները՝ համաձայն N 1 հավելվածի։

Հավելվածի հիմնական դրույթները

  • Սահմանվում են էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների (անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող ծառայություններ) տեսակը, կազմակերպիչների, ղեկավարների, անձնակազմի և մասնակիցների պարտավորությունները։
  • Չափորոշիչները ընդգրկում են անվտանգության կառավարման համակարգի (ԱԿՀ) ներդրման, ռիսկերի գնահատման, ռիսկերի կառավարման, էական միջադեպերի արձանագրման, անձնակազմի պատրաստվածության և վերապատրաստման, անվտանգության սարքավորումների ստուգման ու պահպանման պահանջները։
  • Կազմակերպիչը պարտավոր է ապահովել մասնակիցների համար ապահովագրություն (մեկ անձի դեպքում առնվազն 1,800,000 ՀՀ դրամ, մեկ ապահովագրական պատահարի դեպքում՝ առնվազն 18,000,000 ՀՀ դրամ), ինչպես նաև ապահովագրություն էական միջադեպերի ժամանակ բժշկական օգնության և տարհանման համար։
  • Կազմակերպիչն ու ղեկավարները պարտավոր են կանխել ծառայությունից օգտվելն այն անձանց համար, ովքեր ալկոհոլի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ են, չունեն անհրաժեշտ հմտություններ կամ առողջական հակացուցումներ։
  • Կրիտիկական սարքավորումները պետք է ստուգվեն ամեն օգտագործումից առաջ, օգտագործվեն և պահպանվեն արտադրողի ցուցումներին խիստ համապատասխան։
  • Անհրաժեշտ է պահպանել փաստաթղթավորում՝ ԱԿՀ, անձնակազմի վերապատրաստման ապացույցներ, սարքավորումների ստուգման փաստաթղթեր, մասնակիցների ծանուցումների ստորագրություններ։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 27-ի № 664-Ա որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները՝ արկածային զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցումը իրավաչափ, անվտանգ և համակարգված կազմակերպելու նպատակով։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում

Ակնկալվող արդյունքը

  • Կիրականացվի ծառայությունների մատուցման տեխնիկական անվտանգության և որակի միասնական պահանջների ներդրում։
  • Կբարձրանա արկածային զբոսաշրջության ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցողների պատասխանատվության մակարդակը։
  • Կապահովվի ոլորտում գործող մասնագետների և ուղեկցողների մասնագիտական պատրաստվածությունը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։
  • Կխթանվի անվտանգության մշակույթի ձևավորումը և վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը։
  • Կբարձրանա զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ հանրային և միջազգային վստահությունը։
  • Հայաստանը կդառնա առավել գրավիչ, անվտանգ և մրցունակ ուղղություն արկածային զբոսաշրջության միջազգային շուկայում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է՝

  • «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2021–2026 թվականների ծրագրի համապատասխան կետերից և «Զբոսաշրջություն» բաժնից,
  • ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից։

Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ`տեղեկացնում է Iravaban.net։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել