Iravaban.net-ը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0)։
- Նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի իրավական հիմքերը, ինչպես նաև կարգավորվում են կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման, ցուցադրության և առուվաճառքի հետ կապված հարաբերությունները։
Նախագծի ընդունմամբ նպատակադրվում է ապահովել կենդանիների բարեկեցությունն ու նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը՝ կանխելով դաժան կամ անպատասխանատու վերաբերմունքի դեպքերը։
Օրենքի նպատակն ու կիրառման շրջանակը
Նախագծի հիմնական նպատակն է պաշտպանել կենդանիներին դաժան վերաբերմունքից, խրախուսել կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքը և ձևավորել իրավական մեխանիզմներ՝ նրանց բարեկեցությունն ապահովելու համար։
Օրենքը տարածվում է.
- տնային կենդանիների,
- թափառող կենդանիների,
- ծառայողական, ցուցադրական, սպորտային և ժամանցային նպատակներով օգտագործվող կենդանիների վրա։
Միևնույն ժամանակ, այն չի տարածվում գյուղատնտեսական, որսորդական և վնասատու կենդանիների վրա։
Օրենքի հիմնական դրույթները
- Դաժան վերաբերմունքի արգելք. Օրենքով արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ցանկացած ձև՝ ներառյալ խեղդումը, կախումը, մտրակումը, թունավորումը, կենդանի վիճակում մաշկահանումը, մարտերի կազմակերպումը, բռնումը՝ մահվան պատճառ դառնալու եղանակով և նմանատիպ գործողությունները։
- Կենդանու պահողի պարտավորություններ. Կենդանու պահողը պարտավոր է ապահովել կենդանու առողջ կենսապայմանները, ճիշտ կերակրումը, բժշկական խնամքը, տեղաշարժի ազատությունն ու մաքրության պահպանումը։
- Կենդանու նույնականացում և հաշվառում. Շների և կատուների նույնականացումը պարտադիր է․ դրանք պետք է ունենան միկրոսխեմա և կենդանու անձնագիր։ Տվյալները կմտնեն միասնական հաշվառման բազա։
- Թափառող կենդանիների կարգավորում. Թափառող կենդանիների բռնումը թույլատրվում է միայն անվտանգ մեթոդներով։ Ստերջացումից հետո կենդանիները բաց են թողնվում իրենց բնական միջավայր կամ տեղավորվում են հատուկ կացարաններում։
- Կացարանների պահանջներ. Կառավարությունը կհաստատի կենդանիների կացարանների կառուցման, սանիտարական, սննդի և խնամքի նվազագույն չափանիշները։
- Կենդանիների ցուցադրություն և ժամանցային միջոցառումներ. Նման միջոցառումները հնարավոր են միայն տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվությամբ՝ կենդանիների բարեկեցությունը չվնասելու պայմանով։
- Ծառայողական կենդանիներ. Ծառայողական կենդանիների պատրաստումը և օգտագործումը կարող են իրականացնել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ կենդանիների ֆիզիկական կամ հոգեբանական վնաս չպատճառելու սկզբունքով։
- Կենդանիների բուծման սահմանափակումներ. Արգելվում է հիվանդ կամ գենետիկ շեղումներով սերունդ առաջացնող կենդանիների բուծումը։
- Հասարակական վերահսկողություն. Օրենքը նախատեսում է հանրային վերահսկողության մեխանիզմ՝ քաղաքացիական հասարակության և կենդանիների պաշտպանության կազմակերպությունների մասնակցությամբ։
Պետական կառավարման և վերահսկողության համակարգ
Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտը համակարգելու են՝
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
- Էկոնոմիկայի նախարարությունը,
- Ներքին գործերի նախարարությունը։
-
- Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են իրականացնել թափառող կենդանիների բռնումը, կացարանների գործունեության ապահովումը և բնակավայրերում կենդանիների հաշվառման գործընթացի կազմակերպումը։
Ակնկալվող արդյունքները
- Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի միասնական իրավական դաշտի ձևավորում։
- Թափառող կենդանիների հարցի արդյունավետ և մարդասիրական կարգավորում։
- Բնակչության շրջանում կենդանիների հանդեպ բարեկրթության և հասարակական պատասխանատվության մակարդակի բարձրացում։
- Կենդանիների բարեկեցության ապահովման պետական համակարգի ձևավորում։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` տեղեկացնում է Iravaban.net-ը։


