ՆԳՆ-ում կձևավորվի հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն․ նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագիծը վերաբերում է Ներքին գործերի նախարարության կանոնադրությանը, որը սահմանում է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը։ Փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել և ընդլայնել նախարարության լիազորությունները հանցավորության վիճակագրության, վերլուծության և հետազոտությունների ոլորտում։

Մասնավորապես՝

  • Նախարարության գործառույթների մասին հոդվածում (կետ 11)

Ներկայիս կանոնադրությամբ ՆԳՆ արդեն իրականացնում է հանցավորության շարժընթացի վերլուծություն և հասարակական անվտանգության վիճակի գնահատում։
Նախագծով այս հոդվածը լրացվում է նոր 51-րդ ենթակետով, որը նախատեսում է, որ նախարարությունը նաև՝

  • կիրականացնի հանցագործությունների, հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների և դրանց կանխման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումներ, կձևավորի միասնական հանրապետական տվյալների բազաներ և կհավաքագրի պաշտոնական վիճակագրություն։

Բացի այդ, գործող 6-րդ ենթակետը լրացվում է և դառնում է ավելի ամբողջական․ նախարարությունը ոչ միայն կվերլուծի հանցավորության վիճակը, այլև՝

  • կկազմակերպի պարբերական և թեմատիկ հետազոտություններ, կվերհանի մարտահրավերներն ու ռիսկերը, և դրանց հիման վրա կհամակարգի քաղաքական որոշումների ընդունումն ու իրականացումը։

Այս փոփոխությունների նպատակն է՝

  • ստեղծել միասնական և թվայնացված հանցավորության տվյալների բազա,
  • ապահովել տվյալների խորքային վերլուծություն,
  • ձևավորել ապացուցահեն քաղաքականություններ հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ոլորտում։

Կառուցվածքային ստորաբաժանումների մասին հոդվածում (կետ 33)

Նախագծով նախատեսվում է նաև նոր մասնագիտական ստորաբաժանման՝

  • «Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն»
    ստեղծում Ներքին գործերի նախարարության կազմում։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել