Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Փաշինյան ֆեյսբուքյնա էջից։
Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:
Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում:
Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին:
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:
Այնուհետև վարչապետը և ՀԽ անդամները ծանոթացել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. դեկտեմբերին:


