Խորհրդարանը քննարկել եւ ընդունել է օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանը

ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո՝  հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն: ԱԺ որոշմամբ օրենսդրական երկու նախաձեռնություն կքննարկվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Զեկուցողի տեղեկացմամբ օրենսդրական նախաձեռնության նպատակը  ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն է: Նրա խոսքով համակարգը կպարզեցվի՝ հաշվի առնելով փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը եւ այդ ընթացքում առաջացած խնդիրներն ու վիճակագրությունը:

Պատգամավորը հիշեցրել է,  որ եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվել է փուլային եղանակով, եւ 2024 թվականին հայտարարագիր լրացրել է մոտ 20 հազար քաղաքացի: Այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնում է մոտ 1 մլն մարդ՝ հիմնականում վարձու աշխատողները: Հաջորդ տարվա համար  նախատեսվում է, որ հայտարարագիր կլրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք:

Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ վիճակագրական տվյալներով հայտարարագիր լրացրած շուրջ 140 հազար քաղաքացիների մեծ մասն այն լրացրել է՝ առանց որեւէ բան փոփոխելու: Այսինքն՝ երբ ՊԵԿ-ը լրացրել է քաղաքացիների հայտարարագրերն ինքնաշխատ եղանակով, քաղաքացիների մեծ մասն այդտեղ որեւէ փոփոխություն չի կատարել եւ հաստատել է այն տարբերակով, որով լրացված է եղել: Քաղաքացիների մոտ 20 տոկոսն այդտեղ ավելացրել է ընդամենը 1-2 բաղադրիչ, որոնք հիմնականում վերաբերել են ստացված վարկերին եւ փոխառություններին,  ավանդներից ստացած եկամուտներին:

Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ առաջարկվում է  կատարել հետեւյալ փոփոխությունները. «ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են, ըստ օրենքի, կարող են մինչեւ վերջնաժամկետը չմտնել եւ չլրացնել իրենց հայտարարագրերը: Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված եւ հանձնված այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է: Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքան ՊԵԿ-ը լրացրել է, ենթադրենք՝ աշխատավարձը, ինքը կարող է ոչինչ չանել: Ըստ այդմ՝ ՊԵԿ-ի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված եւ հանձնված»,- ասել է զեկուցողը: Այս համատեքստում նա նշել է, որ վերացվում է  պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար:

«Երկրորդ կարեւոր փոփոխությունը, որն անում ենք սոցիալական կրեդիտների համակարգում (այսինքն՝ այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության եւ առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ): Այդ հնարավորությունը կտրվի այն անձանց, որոնք գոնե մուտք կգործեն եւ թեկուզ առանց որեւէ փոփոխության հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն: Իմաստը հետեւյալն է. եթե քաղաքացին որեւէ բան է ուզում ստանալ պետությունից, ապա իր հերթին պետք է կատարի որոշակի փոփոխություններ»,- տեղեկացրել է Բաբկեն Թունյանը:

Իրականացվող երրորդ փոփոխությամբ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն կունենա տեղեկատվությանը եւ ավելի ամբողջական կլրացնի հայտարարագրերը: ՊԵԿ-ը որոշակի հասանելիություն կունենա տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը կսահմանվի մեկ դրույթ: Օրինակ՝ եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքն իր ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով քաղաքացին իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին: ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ինքնաշխատ կլրացվի:

Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նաեւ սահմանվելու է, որ ընտանիքի անդամների միջեւ դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինելու: «Այս հարցը մեր համաքաղաքացիներին շատ էր մտահոգում, եւ հարցերը շատ էին այս առումով: Մենք այս դրույթով ուզում ենք ամրագրել, որ ծնողի եւ երեխայի, քույրերի եւ եղբայրների, ամուսինների  միջեւ դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չլինի: Խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին»,- ասել է զեկուցողը:

Բաբկեն Թունյանի խոսքով Կառավարությունն առաջարկել է այս ցանկին ավելացնել նաեւ տատիկների եւ պապիկների կողմից թոռնիկներին ուղարկվող փոխանցումները:

«Պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայտարարագրման առարկա  չլինեն նաեւ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը եւ փոխառությունները: Սակայն, դա կանենք ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշմամբ»,- հավելել է Բաբկեն Թունյանը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվել է՝ բացի աշխատավարձից, է՞լ ինչն է քաղաքացին ինքնաշխատ լրացված տեսնելու, այսինքն՝ ի՞նչն է համարվելու ինքնաշխատ լրացված եկամուտ:  «Ինքնաշխատ լրացվելու է աշխատավարձը, թոշակը կամ կենսաթոշակը: Դրա համար մենք ՊԵԿ-ին որոշակի հնարավորություն ենք տալիս: Նաեւ ավանդներից ստացված եկամուտը՝ քաղաքացու համաձայնության դեպքում»,- պարզաբանել է Բաբկեն Թունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, անդրադարձել գործադիրի ներկայացրած առաջարկներին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝  Բաբկեն Թունյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվել գլխադասային հանձնաժողովում:   Լրամշակված տարբերակն ԱԺ նիստում քննարկվել եւ ընդունվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել