Մեծամորի մանկապարտեզի հիմնանորոգման ընթացքում կատարված հափշտակությունների փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները մինչ այսօր ավարտված չեն․ շենքը կիսանորոգ է, իսկ այն երեխաները, որոնք տարիներ առաջ պետք է հաճախեին մանկապարտեզ, արդեն դպրոց են գնում։
Նախորդ տարի համայնքը փորձել է ընդունելություն կազմակերպել՝ հույսով, որ մինչև սեպտեմբեր շինարարությունը կավարտվի, սակայն ծրագրի ձգձգման պատճառով երեխաներին տեղափոխել են քաղաքի այլ մանկապարտեզներ։ Ներկայում շենքը դատարկ է, բանալին պահակի ձեռքին է, իսկ նորոգված հատվածները ժամանակի ընթացքում սկսել են վնասվել։
Շինարարական աշխատանքների ձգձգման պատճառը, ըստ համայնքի ղեկավարության, կապալառու կազմակերպության անբարեխիղճ աշխատանքն է։ Մեծամորի համայնքապետարանը և շինարարական ընկերությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը կնքել էին 287 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր՝ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ՝ մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման համար։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Աշխատանքները սկզբնական շրջանում ընթացել են, սակայն հետագայում դանդաղել և դադարել են։ Կապալառուն չկատարելով պայմանագրային պարտավորությունները՝ համայնքի որոշմամբ պայմանագիրը դադարեցվել է։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական ընկերությունը, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տնօրենի օգնությամբ, կազմել է շուրջ 200 միլիոն դրամի կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա համայնքը կատարել է մոտ 193 միլիոն դրամի վճարում։ Իրականում կատարված աշխատանքների ծավալը պակաս է եղել մոտ 48 միլիոն 700 հազար դրամով, որը, ըստ քննության, հափշտակվել է խարդախությամբ։
Գործով մեղադրանք է առաջադրվել շինարարական կազմակերպության տնօրենին, փոխտնօրենին, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններին։ Երեք մեղադրյալի մասով նախաքննությունը ավարտվել է, իսկ մեկի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, նա հետախուզման մեջ է։


