ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրառում է կատարել, որում՝ մասնավորապես նշված է.
«Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների հետ հաշվի չնստելը և դրանց արդյունքները սեփական քմահաճույքով խմբագրելու փորձերը:
Այսօր Հովհանավանքում տապալված շոուի նման, որի համար գործի էր դրվել ողջ վարչական համակարգն ու իշխանական ռեսուրսը, վերջին տարիներին ՀՀ-ում անցկացվող ընտրություններին Փաշինյանը նախ գործի է դնում ողջ իշխանական ռեսուրսը, սպառնում, խոչընդոտում ընդդիմադիրների քարոզարշավին, դրանով հանդերձ, այն տեղերում որտեղ չի գրանցում ցանկալի արդյունքներ, հետապնդում է արդեն ընտրված ոչ իշխանական համայնքապետերին:
Ասածիս օրինակները բազմաթիվ են՝ Վանաձոր, Ախուրյան, Գորիս, Սիսիան, Բերդ, վերջին օրերին արդեն Գյումրի ու Մասիս:
Գյումրիում այս օրերի ընթացքում ձերբակալվել է երեք տասնյակից ավել մարդ, որոնց մեծ մասն արդեն կալանավորվել է։ Գյումրեցիներին դատապարտում են կեղծ մեղադրանքներով, որովհետև նրանք «հանցագործություն» են գործել, հանդգնել են պաշտպանել իրենց քվեն, ունենալ քաղաքացիական դիրքորոշում։
Կալանավորվածների մեջ կան անչափահասներ, կանայք, ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակիցներ։ Դա է «ժողովրդավար» Նիկոլի իրական դեմքը, շարունակ խոսել ժողովրդից և ժողովրդավարությունից, բայց իրականում լինել սեփական ժողովրդի և ժողովրդավարության թշնամի։ Մեր խմբակցության պատգամավորներն այս օրերին այցելել են կալանավորվածներին` փորձելով մեր լիազորությունների շրջանակներում օգտակար լինել։
Այս ամենն ունի մեկ նպատակ` զավթել Գյումրու քաղաքապետարանը և նշանակել քաղաքապետի դրածո։
Հուսով եմ՝ Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կգտնեն լուծումներ դա թույլ չտալու համար, իսկ մենք բոլոր ուժերով այս հարցում կանգնած ենք նրանց կողքին:»։


