«Շատ հեշտ մոռացան». փոխգնդապետ Հովհաննես Գզողյանի ճիշտ որոշման շնորհիվ մի ամբողջ գունդ չզոհվեց

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհված փոխգնդապետ Հովհաննես Գզողյանի կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է, որ իրենց հանդիպումից մեկ տարի անց ամուսնացել են։

«Ամեն ինչ կառուցված էր փոխադարձ սիրո և հարգանքի վրա։ Երբ մենք արդեն ծանոթացել էինք, ինքը մայոր էր։ Մյուս բոլոր շքանշանները ստացանք մեր ամուսնության տարիների ընթացքում։ Ես իրեն կատակով ասում էի՝ «ես քո հաջողության թալիսմանն եմ»։ Այդ ընթացքում մենք մայորից հասանք փոխգնդապետի կոչման, բայց ես, անկախ նրանից, թե ինչ կոչում ուներ, միշտ հպարտ եմ եղել իրենով, որովհետև ինքը շատ բացառիկ մարդ էր։ Իր տարիքի մեջ համարվել է ամենաերիտասարդ փոխգնդապետներից մեկը. կոչումը ստացել է 32 տարեկանում»,-պատմում է նա։

Լիլիթի խոսքով՝ ամուսնու համար առաջնահերթ էր ծառայությունն ու զինվորները, որոնց միշտ դիմել է՝ «երեխեքս»։ 38-ամյա հրետանավորը մասնակցել է երեք պատերազմների՝ Քառօրյա պատերազմին, Տավուշյան մարտերին և 44-օրյա պատերազմին։

«Հետո նոր իր ծնողներն էին, իսկ վերջում՝ ընտանիքը։ Մինչև բոլորի պահանջները չբավարարվեին, մեզ չէր հասնում հերթը։ Իսկ եթե հերթը հասել էր մեզ, ուրեմն մյուս երկու կետերում գործերն արդեն արված էին։ Ծառայությունն ինքը կատարում էր մեծ սիրով, պատվով ու նվիրումով։ Տանը երբեք ծառայությունից չէր խոսում։ Ինչ տեղեկություն իմացել եմ, ուրիշ զինվորականների կանանցից եմ լսել։ Իր մասին ես իմացա միայն իրենից հետո»,-ասում է Լիլիթը։

Պատերազմի նախաշեմին Հովհաննեսը բազմիցս հորդորել է կնոջը՝ երեխաների հետ գնալ Երևան, սակայն Լիլիթը չի ցանկացել մենակ թողնել ամուսնուն։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Հովհաննեսը ծառայում էր Տավուշում։

«Լսեցի ազդանշաններ, հարցրի՝ զորքը ո՞ւր է գնում։ Ասաց՝ Արցախ, «որտեղ զորքս՝ այնտեղ էլ ես»։ Ասացի՝ բա մենք՞։ Ասաց, որ իր երեխաները գնում են կրակի բերան, ինքը պիտի գնա։ Իր անհետանալուց հետո ես իմացա, որ կրկին առանց հրաման է մեկնել պատերազմ։ Ես ո՛չ տեղակայման վայրը գիտեի, ո՛չ էլ ուր է գնացել։ Գիտեմ միայն, որ Արցախ է գնացել։ Վերջին զանգը եղել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ անհետ կորել է, կապի դուրս չի գալիս։ Գիտեմ, որ շրջափակման մեջ է հայտնվել՝ երկու սպա, երկու շարքային զինվոր և վարորդը՝ Մատաղիս-Թալիշ հատվածում։ Ո՞ւր է գնացել՝ չգիտեմ։ Ըստ տեղեկությունների՝ գնացել է տեղակայման վայր գտնելու, բայց պարզվել է, որ այդ վայրը հակառակորդի վերահսկողության տակ է եղել։ Այնտեղ է գնացել՝ պոստ տեղադրելու և հրետանին աշխատեցնելու նպատակով։ Սակայն պարզվում է, որ ավելի շուտ հետախուզության է մեկնել, նույնիսկ զեկուցում է արել, որ շարժ է նկատում։ Հինգ հոգով գնացել են շարժ նկատվող վայր։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 28-ը իմ ամուսինը համարվել է անհետ կորած»,- պատմում է Հովհաննեսի կինը։

Լիլիթը նշում է, որ ամուսնու ճիշտ որոշման շնորհիվ 186 հոգանոց սպաների ու զինվորների կազմից շատ քիչ զոհեր և վիրավորներ են եղել։

«Ես գիտեմ, որ հրաման է եղել, որ ինքը պետք է զինվորներով առաջ շարժվեր։ Եթե այդպես լիներ, զոհվելու էին ոչ թե հինգ հոգի, այլ մի ամբողջ գունդ»,-ասում է Լիլիթը։

Հովհաննես Գզողյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութը պատրաստվել է «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել