Աշոտ Մուրադյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցելու համար կամավոր մեկնել է ռազմաճակատ։
Կինը՝ Ֆլորա Հովհաննիսյանը, Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմեց, որ դեռ մանկուց ճանաչել է իր ապագա ամուսնուն․ հարևաններ են եղել։ Երբ Աշոտ Մուրադյանը վերադարձել է ծառայությունից, նրանք ընտանիք են կազմել։
«Ունեցանք երեք աղջիկ, կառուցեցինք տուն ու այդպես երջանիկ ապրում էինք։ Կարելի է ասել՝ իդեալական հայր էր ու ամուսին։ Հոգատար էր, ուշադիր էր։ Իր նպատակն էր, որ ընտանիքը լավ ապրի, ամեն ինչից օգտվի։ Շատ աշխատասեր էր, բարի։ Ամեն ինչ ստեղծում էր, որ իր երեխաները ոչ մի բանի կարիք չունենան։ Երբևէ չի եղել մի դեպք, որ ես մտածեմ՝ սխալ որոշում եմ կայացրել։ Դժվար պայմաններում տուն ենք կառուցել, բայց չի եղել մի պահ, որ ես փոշմանեմ։ Իր համար կարևոր չէր, ճանաչում էր մարդուն, թե ոչ․ եթե օգնության կարիք կար, բոլորին օգնում էր։ Այդպես էլ շատ ընկերներ է ձեռք բերել»,- պատմում է նա։
Աշոտ Մուրադյանը հասցրել էր նաև պապիկ դառնալ։ Երրորդ թոռը ծնվել է իր զոհվելուց հետո, բայց երկու թոռանը տեսել է ու շատ սիրել։ Կինը պատմում է, որ իր ամուսինը շատ լավ պապիկ է եղել․ ամեն ինչ անում էր թոռների համար։ Երեխաները, չնայած շատ փոքր են եղել, բայց մինչ այսօր էլ հիշում են պապիկին ու նրա խոսքերը։
«Իրար ուժ տալով հաղթահարել ենք խնդիրները։ Երբ մի խնդիր էր առաջանում ու ինքն ընկճվում էր, ես իրեն հույս էի տալիս, ասում էի՝ մի նեղվի, կյանքում ամեն ինչ հաղթահարելի է, ու այդ դժվարությունները մենք միշտ հաղթել ենք միասին։ Ինքն ինձ համար ոչ միայն ամուսին էր, այլ նաև ընկեր, ես էլ իր համար նույնը։ Շատ հումորով էր»,- հիշում է կինը։
Տիկին Ֆլորան ասում է, որ ոչ միայն դեմ չի եղել ամուսնու պատերազմ գնալուն, այլ նաև ցանկացել է, որ միասին գնան, սակայն երեք աղջիկները ծնողներին խնդրել են, որ չգնան։ Պատերազմի օրերին Աշոտը շատ մտահոգ է եղել։ Ի վերջո հոկտեմբերի 2-ին նա գնացել է Արցախ և զոհվել հոկտեմբերի 3-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։