Սամվել Պետրոսյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Ծառայում էր Իջևանում։ Մայրը՝ Թամարա Գաբրիելյանը, Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է, որ որդին խիզախ զինվոր էր։
«Վեց ամիս հետ ընկավ, մտածեցինք՝ չեն տանի։ Ողնաշարի խնդիր ուներ։ Վերջին օրը գնացել էր, որ հանձնաժողովներն անցնի, ճանապարհից զանգեց՝ մամ, տանում են։ Երբ պատերազմը սկսվեց, երեք ամիս էր մնացել ծառայության ավարտին։ Երբ վերջին անգամ տուն եկավ, իր հագուստը վերցրի, պահեցի, չլվացի։ Մինչև հիմա իր հոտն է գալիս։ Մի շաբաթ անց զոհվեց», – պատմում է նա։
Մոր խոսքով՝ ի սկզբանե որդին չպետք է գնար մարտի դաշտ, սակայն կամովին նստել է ռազմաճակատ մեկնող ավտոբուսը։
«Ընկերը՝ Թաթուլը, չի թողել, որ նստի ավտոբուսը, ասել է՝ չէ, իմ ընկերը զոհվել է, պետք է գնամ։ Գնացել է, այնտեղ նահանջի հրաման են տվել, ինքը չի փախել։ 51 օր փնտրել ենք, չենք գտել։ Հոկտեմբերի 17-ին տարել են, 19-ին զոհվել է։ Մի քանի անգամ Գորիս ենք գնացել։ Հ очередական անգամ, երբ գնում էինք, Սամվելի հեռախոսից զանգ ստացա։ Զանգողը թուրք էր։ Ասաց, թե որտեղ է Սամվելը, նշեց՝ հողի տակ ենք դրել, որ կենդանիները չհոշոտեն։ Հեռախոսազանգի տվյալներով գնացինք, երեխաներին հանեցինք։ Սամվելին ճանաչեցինք նրա երկու մետրանոց հասակից ու հագուստի ձևից», – պատմում է մայրը։
Տիկին Թամարան պատերազմից հետո որդի է լույս աշխարհ բերել։ Պատահաբար է իմացել, որ հղի է։ Սկզբում չի ցանկացել երեխա ունենալ, քանի որ առողջական մի շարք խնդիրներ ուներ, բայց ուժ է գտել իր մեջ, և ծնվել է Սամվելը։
Մանրամասները՝ տեսանյութում։