ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հայտնում է, որ մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ։

 «Սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայացած նիստում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժելուն և այլ հարցերի։

Մասնավորապես, հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշմամբ երկարաձգվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։ Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ խնդրելով անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշումը և երկարաձգել լիցենզիան նախկինում տրված ժամկետով։ Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել էր, որ հանձնաժողովի որոշումը իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում օրենքով նախատեսված է՝ որ երաշխավորված մատակարարի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած ծրագրի, իսկ այդ ծրագրում տեղ գտած դրույթների բովանդակությունից և դրանց իրագործմանն ուղղված գործողություններից հետևում է, որ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Ուստի այսօրվա նիստում հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը», -ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել