«Հո չենք թողնի, որ թուրքը գա մեր տուն, մեր վիզը կտրի»․ կամավորական Հայկ Գևորգյանն այսօր կդառնար 34 տարեկան

Հայկ Գևորգյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է կամավոր։

Մայրը՝ Սրբուհի Հովհաննիսյանը, Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում ասաց, որ իր որդին ծնվել է հայրենասեր։

«2016 թվականին է ծառայել ՀՕՊ-ում։ Տարբեր կետերում է եղել։ Ինքը մասնակցել է Քառօրյա պատերազմին՝ Շուշիում։ 2018 թվականին վերադարձել է բանակից, սկսել է աշխատել։ Գյուղի ժողովրդին այնքան լավություն էր անում, բոլոր ասում էին՝ Հայկը չպետք է գնար։ Սեպտեմբերի 27-ին իրեն կանչել էին, մեզ չէր ասել, գնացել, ամբողջ գիշեր սպասել էր, բայց չէին տարել։ Անընդհատ փշերի վրա էր, գործի նորմալ չէր գնում, իր միտքը կենտրոնացած էր դեպի պատերազմի դաշտը։ Իր դասընկերների հետ գնացել է, մենք չենք իմացել, որ կամավոր է գրվել։ Ընկերներով գումար են հավաքել, տաքսիով գնացել։ Հոկտեմբերի 3-ին ռմբակոծության տակ են ընկել, եղբոր հետ է խոսել, ասել է՝ շատ դաժան պատերազմ է, հրետանին ուժեղ գործում է, 50-50 է»,-պատմում է մայրը։

Ամիսներ շարունակ փնտրել են Հայկին, մարտի 12-ին գտել մարմինը։ Տիկին Սրբուհին ասում է, որ ինքը չի փորձել կանգնեցնել որդուն, ինքը, որպես մայր, դեմ չի եղել, որ որդին գնա ու կռվի հանուն հայրենիքի։

«Ասում էր՝ հո չենք թողնի, որ թուրքը գա մեր տուն, մեր վիզը կտրի, պետք է գնանք, հայրենիքը պաշտպանենք։ Ես գիտակցում էի, որ ինքը գնում է հայրենիքի համար, ո՞նց կարող էի ասել՝ մի գնա։ Ասում էր՝ որ ես չգնամ, ո՞վ գնա»,-պատմում է մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել