Հարութը ծնվել ու մեծացել է բազմազավակ ընտանիքում։ Լիդա Երոյանը՝ 5 երեխաների մայր, իր որդուն նկարագրում է որպես հետաքրքրասեր և նվիրված։
«Մի բան, որ տեսնում էր, շատ էր հետաքրքրվում։ Բարի հոգի ուներ, մյուս երեխաներիցս տարբերվում էր։ Ինձ հետ շատ կապված էր, առանց ինձ չէր կարողանում։ Ինձ համար մի ուրիշ ձև էր եղել»,- Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է տիկին Լիդան։
Հարութն ունեցել է շատ նպատակներ, որոնք բոլորն էլ կապված էին ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր ապահովել լավ պայմաններ նրանց համար և որոշել էր մեկնել արտագնա աշխատանքի։
«Ես միշտ վախ եմ ունեցել իր համար թե՛ մանկուց, թե՛ մինչև վերջ։ Բանակ գնալու օրը քույրը լաց էր լինում, ասում էր՝ «Հարութ, մի գնա, քեզ կկարոտեմ»։ Վերջում ասաց՝ «Լիա, գիտե՞ս, որ ես գնամ բանակ, չեմ գալու»։ Երևի ինքն էլ էր զգում, չեմ կարող ասել»,- հիշում է մայրը։
Մայրը հիշում է նաև, որ շատ անհանգիստ է եղել, երբ որդին առաջին անգամ բարձրացել է դիրքեր։ Մի քանի օր նրանից զանգ չի ստացել։ Հետո Հարութը զանգել է մորն ու ասել, որ ինքը դիրք է պահում, մայրը կարող է հանգիստ քնել․ «Դա ես ամբողջ կյանքս չեմ մոռանա»։
Պատերազմի օրերի մասին նա շատ բան չի պատմել ծնողներին, միայն ասել է, որ երբ գա, շատ բան ունի պատմելու։ Այդպես էլ տիկին Լիդան չիմացավ, թե ինչ էր ուզում պատմել որդին։
Պատերազմի դաշտում Հարութը իմացել է, որ զոհվել են իր երկու մտերիմ ընկերները՝ Ռազն ու Սերգեյը․ «Զանգել էր, գրեթե լացելով ասում էր՝ մամ, ինչի՞ չես ասել»։
Հարութ Մելքոնյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։