Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսի Սարգսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով «Թիվ 19 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ, Սիրանուշ Մուշեղի Ղազարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, վերջինիս օժանդակությամբ, նրա ամուսնուց՝ Արթուր Սեդրակի Մելքոնյանից, 2023թ. հունիսի 3-ին ստացել է կաշառք:
Այսպես.
Սիրանուշ Ղազարյանը, «Թիվ 19 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության օպերատորական և մատենավարման բաժիններում աշխատանքի ընդունվելու մասին ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանին 2015 թվականի հունիսի 24-ին հասցեագրված դիմումի և 2015 թվական հուլիսի 7-ի թիվ 130 աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքի է ընդունվել նշված ընկերության մատենավարման բաժնում՝ որպես մատենավար:
Նույն ընկերությունում բարձր աշխատավարձ ստանալու դիմաց այլ աշխատանք կատարելու համար, 2021 թվականի մայիսի 10-ին, Սիրանուշ Ղազարյանի հայրը՝ Մուշեղ Ղազարյանը, հեռախոսակապ Է հաստատել ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանի հետ և միջնորդել վերջինիս, Սիրանուշ Ղազարյանին նշանակել ընկերության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի պաշտոնում:
Սիրանուշ Ղազարյանը, օժանդակելով ամուսնու՝ Արթուր Մելքոնյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող «Թիվ 19 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանին կաշառք տալուն, 2021 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 13:40-ին, Արթուր Մելքոնյանի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում, խորհուրդ Է տվել վերջինիս կաշառք տալ Սամվել Սարգսյանին, որից հետո 2021 թվականի հունիսի 3-ին Սամվել Սարգսյանին փոխանցելու համար Արթուր Մելքոնյանին է տրամադրել մեկ շիշ կոնյակ և ծրարի մեջ դրված 104.000 (հարյուր չորս հազար) ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար:
Սամվել Սարգսյանը, 2021 թվականի հունիսի 3-ին, Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում հանդիպելով Արթոտ Մելքոնյանին, իր ծառայողական լիազորությունները օգտագործելով Սիրանուշ Ղազարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որպես կաշառք Արթուր Մելքոնյանից ստացել է նախապես Սիրանուշ Ղազարյանի կողմից նրան տրամադրված մեկ շիշ կոնյակը և 104.000 (հարյուր չորս հազար) ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար պարունակող ծրարը, ինչի արդյունքում Արթուր Մելքոնյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն Սիրանուշ Ղազարյանին ընկերության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Ստացած կաշառքի դիմաց, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, Սամվել Սարգսյանը Սիրանուշ Ղազարյանի օգտին կատարել է ապօրինի գործողություն, այն է՝ 2021 թվականի հունիսի 23-ին հրաման է արձակել 2021 թվականի հուլիսի 1-ից Սիրանուշ Ղազարյանին ընկերության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի պարտականությունների կատարումը ժամանակավոր հանձնարարելու մասին, այն դեպքում, երբ Սիրանուշ Ղազարյանից նշված պաշտոնում նշանակելու մասին դիմումը ստացել է հրամանն արձակելուց երկու օր անց՝ 2021 թվականի հունիսի 25-ին:
Գործի քննությունը շարունակվում է, տեղեկացնում է Iravaban.net-ը։