Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 25-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին կողմերը հանդես եկան ռեպլիկներով։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները գրավոր դիմում են ներկայացրել՝ իրավական հարցերի հետ կապված դիրքորոշում հայտնելու համար։
Պաշտպան Երեմ Սարգսյանն իր խոսքում շեշտեց՝ մեղադրանքի կողմն այս ընթացքում որևէ հիմնավորում կամ փաստարկ չի ներկայացել՝ գործի շրջանակներում համարել են՝ պաշտոնական լիազորություններն անցել, նոր է կայացվել ակնհայտ անարդար դատական ակտ, թե այդ դատական ակտի կայացումն է համարվել որպես պաշտոնական լիազորությունների անցում․ «Մի բառակապակցությունը 3 ձևով օգտագործել են՝ մի հատ լիազորությունների անցման համար որպես օբյեկտիվ կողմ են դիտարկել, մի հատ հետևանք են դիտարկել էական վնասի համար՝ հիմքում դնելով նաև ծանր անզգուշություն, այս 3 կարևորագույն հատկանիշները փորձել են մի նախադասության մեջ տեղավորել»։
Սարգսյանի խոսքով՝ պաշտոնեական լիազորությունների անցում առկա չէ, ու այդ հոդվածով Ալեքսանյանը ենթակա է արդարացման, Թամարա Պետրոսյանի կողմից խմբի կազմում կատարված հանցագորրծություն չկա, որով ևս ենթակա է արդարացման, ու այդ ամենի արդյունքում «չկատարված» հանցագործությանը Էրիկ Ալեքսանյանը չէր կարող օժանդակել։
Հաջորդիվ ռեպլիկով հանդես եկավ մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը՝ հանրային մեղադրողի կողմից նախորդիվ արված ռեպլիկները դատավարական և նյութական իրավունքի առումով «սնանկ» որակելով․ «Հանրային մեղադրողը որևէ անդրադարձ չկատարեց եզրափակիչ ելույթի ժամանակ իմ նշած հիմնավորումներին․ շատ լավ հասկանում եմ, որ ինչին պետք է անդրադառնար, իրականում պետք է լինի, իսկ եթե անդրադարձ չի կատարում, դրա հնարավորությունը չկա»։
Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ Արուսյակ Ալեքսանյանին մակագրված ու տարբեր օրերի ներկայացված 2 միջնորդությունները չէին կարող դատավորների արհեստական ծանրաբեռնվածության ստեղծման հիմք հանդիսանալ։
«Եթե խոսքը սխալ հիմքի մասին է, որը պրակտիկայի շեղումն է, պարզ տրամաբանությունը հուշում է՝ եթե միջնորդությունը քննվել է Արուսյակ Ալեքսանյանի կողմից, և հետագայում հանգեցրել է վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման հարուցման ու արդարադատության բուն խաթարման, ապա դրա սկիզբը, ելակետը, հիմքը եղել է հենց Գագիկ Պողոսյանի սխալ մակագրումը, բայց ես պնդում եմ, որ մակագրումը ճիշտ է եղել»,-ասաց Ալեքսանյանը։
Մեղադրյալ Թամարա Պետրոսյանի պաշտպան Գարիկ Գալիկյանն այս նիստին հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված «բացակայելու արգելք» խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությամբ․ «Հաշվի առնելով, որ արդեն տևական ժամանակ Թամարա Պետրոսյանի նկատմամբ ընտրված է «բացակայելու արգելք» խափանման միջոցը, այս պարագայում անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի այն փոխարինվի 500 հազար դրամ գրավով»։
Նախագահող դատավորի հարցին ի պատասխան՝ փաստաբանը հայտնեց, որ ընտրված խափանման միջոցի պատճառով Թամարա Պետրոսյանը չի կարողացել օգտվել հանգստի իրավունքից, դա է նման միջնորդության ներկայացման պատճառը։
Դատարանը որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը՝ հաշվի առնելով մեղադրյալի դրսևորած պատշաճ վարքագիծը, նախագահող դատավորը նշեց նաև, որ պաշտպանի առաջարկած գրավի չափը կարող է բավարար երաշխիք լինել Թամարա Պետրոսյանի դրսևորած պատշաճ վարքագծի պահպանման համար։
Դատարանն այս փուլում պետք է անցներ օրենքի կիրառման և մեկնաբանման հարցի քննարկմանը, որի ժամանակ պարտադիր է պաշտպանների ներկայությունը։
Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի փաստաբաններից ոչ մեկը չէին ներկայացել դատական նիստին, ինչով էլ պայմանավորված այն հետաձգվեց։
Հարցի քննարկումը կշարունակվի օգոստոսի 1-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան