Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 14-ին, ընթանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքեր է տեսնում։
«Գործի քննությունից կարճ ժամանակ առաջ դատարանը քննության էր առել գործով մեղադրյալ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դրանում չեն եղել այնպիսի տեղեկությունները որոնք կարող էին դատարանի համար հիմք հանդիսանալ ինքնաբացարկ հայտնելու համար։ Մինչդեռ, երբ նշված քրեական գործը դատարան է ստացվել, ուսումնասիրվել է, գործի 2-րդ հատորում կա տեղեկություն, որի համաձայն՝ դեռևս 2018 թվականի աշնանը, մի ժամանակահատված, Գլխավոր դատախազությունում իմ կողմից է դատախազական ղեկավարում իրականացվել»,-նշեց Դոլմազյանը։
Նշենք, որ դատավորը 2014-2022թթ․ աշխատել է Գլխավոր դատախազությունում, եղել է ինչպես հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ, իսկ 2020-2022 թվականներին՝ Լոռու մարզի դատախազի տեղակալ:
Այսպիսով, Վահե Դոլմազյանը ինքնաբացարկ հայտնեց, գործը այլ դատավորի կմակագրվի։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովիկ Աբրահամյանը, պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին (1991-2016), օրենքով արգելված պայմաններում մասնակցել է «Արտաշատ-Վինկոն» ընկերության կառավարմանը՝ իր կամ վստահված անձանց միջոցով։ Նա իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ընկերությանը հովանավորելու և համայնքի գույք էապես ցածր գնով փոխանցելու համար։
2001 թվականին, տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ, Աբրահամյանը կազմակերպել է, որ Արարատի մարզի Նարեկ համայնքի սեփական հողատարածքներն անօրինական ձևով և շուկայականից շատ էժան վաճառվեն «Արտաշատ-Վինկոն»-ին։ Աճուրդը փաստացի չի անցկացվել, սակայն կազմվել են կեղծ արձանագրություններ ու որոշումներ, որոնց հիման վրա հողերը գրանցվել են ընկերության սեփականություն։
Այս գործողությունների հետևանքով համայնքը կորցրել է շուրջ 26.5 միլիոն դրամ արժողությամբ գույք, խախտվել է աճուրդների և գույքի տնօրինման օրինական գործընթացը, իսկ հասարակությունը զրկվել է գույք գնելու իրական հնարավորությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: