Հակակոռուպցիոն դատարանում մարտի 24-ին շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով կողմերը հայցի պարզմանն ուղղված հարցուպատասխանի փուլում են։ Պատասխանողներ Բագրատունի Բարսեղյանի և Աննա Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսնթագ Բեժանյանն առաջինը սկսեց հարցեր ուղղել հայցվոր կողմին։
Նշենք, որ Բագրատունի Բարսեղյանը հանդիսացել է Հովիկ Աբրահամյանի անվտանգության աշխատակիցը, իսկ Աննա Հայրապետյանը վերջինիս կինն է։
Առաջին հարցադրմամբ պատասխանողների ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե հայցադիմումի մեջ իր վստահորդից բռնագանձվող գույքի դեպքում ինչ իրավական հիմք է կիրառվել իրական շահառուն Հովիկ Աբրահամյանին դիտարկելու համար։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ Բագրատունի Բարսեղյանի գույքային ձեռքբերումները վերագրել են Հովիկ Աբրահամյանին՝ հաշվի առնելով աշխատակցի և վերջինիս կապը, միմյանց միջև առկա աշխատանքային հարաբերությունները, նաև այն հանգամանքը, որ այդ աշխատակիցը Աբրահամյանի հետ նույնիսկ արտասահմանում է եղել։
Նշեց, որ նախկին վարչապետին գումարներ են փոխանցվել և՛ կանխիկ եղանակով, և՛ փոխանցումների միջոցով, հայցադիմումի մեջ նշվել է, որ դրանք Հովիկ Աբրահամյանին պատկանող գումարներ են, կատարվել են վերջինիս հաշվին և վերահսկմամբ։
Փաստաբանը հետաքրքրվեց՝ բռնագանձման ենթակա գույքերի գումարները, որոնք գրանցված են իր վստահորդների անունով, այդ գումարների մուտքագրումը որևէ կապ ունի գույքերի ձեռքբերման հետ, Ենոքյանն ասաց՝ ոչ, գումարները կապ չունեն ձեռքբերման հետ, քանի որ բացի Բագրատունի Բարսեղյանի ներկայացրած գումարներից, այլ անձինք ևս մեծ քանակությամբ գումարներ են մուտքագրել, ու այժմ չի կարող տարանջատել, թե կոնկրետ վերջինիս անվամբ ձեռք բերված գույքը այս գումարից էր, թե ոչ։
Պատասխանողի ներկայացուցչի այն պնդմանը, թե այս գումարներն ինչ հիմքով են կրկին վերագրվում Հովիկ Աբրահամյանին, դատախազը պատասխանեց՝ կան շատ գործարքներ, երբ հենց Բագրատունի Բարսեղյանն է լիազորված եղել մասնակցելու Աբրահամյանին պատկանող տան վաճառքի գործարքին․ «Ամեն մարդ չի վստահի իր անվտանգության աշխատակցին նման գործարքին մասնակցել, մենք մի քանի ապացույցներ համադրելով համակցությամբ ենք դիտել, որ Բագրատունի Բարսեղյանի գործարքները վերահսկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից»։
Պատասխանողների ներկայացուցիչն ասաց՝ եթե Բագրատունի Բարսեղյանին և Աննա Հայրապետյանին պատկանող գույքերը ձեռք էին բերվում Հովիկ Աբրահամյանի անվամբ և նրա օգտին, ապա ինչն է խանգարում, որ կրկին Բարսեղյանը նույն լիազորագրով հանդես գար, և գործարքը կատարեր հենց Հովիկ Աբրահամյանի օգտին և ոչ թե գույքը ձեռք բերեր իր անվամբ, եթե դրա իրական շահառուն Հովիկ Աբրահամյանն է։
Դատախազը պատասխանեց, որ իր կարծիքով այդ հանգամանքը կապված է Աբրահամյանի՝ պետական պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև կոնկրետ Աննա Հայրապետյանի դեպքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի հետ։
Հայցվորի ներկայացուցիչը մեկ անգամ ևս ընդգծեց՝ համակցության մեջ են դիտել Բագրատունի Բարսեղյանի և Հովիկ Աբրահամյանի միջև առկա նմանատիպ հարաբերությունները, ու իրավասու մարմինն այն եզրահանգմանն է եկել, որ հայցադիմումի մեջ նշված Բագրատունի Բարսեղյանի գույքերի իրական շահառուն հանդիսանում է Հովիկ Աբրահամյանը, դրանք ապացուցվում են վերջինիս կողմից Աբրահամյանի անունից լիազորագրով հանդես գալը, նրա հետ արտասահմանում գտնվելը, նրան պատկանող ավտոմեքենաները հետագայում իր անվամբ հաշվառելը։
Լուսնթագ Բեժանյանը ճշտեց՝ կարող է արձանագրել, որ իրավասու մարմինը հիմք է ընդունել բացառապես վերջիններիս մտերիմ լինելու հանգամանքը, աշխատանքային հարաբերությունները և լիազորագրով Աբրահամյանի անունից գործարքներ կատարելը։
Դատախազը պատասխանեց․ «Նշված են նաև բանկային գործարքները․ դա ևս հանգամանք է, որ 1 միլիարդ դրամից ավելի գումարներ են մուտքագրվել Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի անդամների հաշիվներին, իսկ մենք գիտենք Բագրատունի Բարսեղյանի և՛ զբաղեցրած պաշտոնները, և՛ նրա ստացած եկամուտը։ Չեմ կարծում, որ մեկ այլ անձ այդքան գումար տրամադրեր Բարսեղյանին, որպեսզի վերջինս ղեկավարի դրանք»։
Բարսեղյանի ներկայացուցիչը հարցրեց, թե արդյոք իրավասու մարմինը դիտարկել է Աբրահամյանի կողմից իր վստահորդներին որևէ գույքը անհատույց փոխանցելու, շուկայականից էականորեն ցածր գներով օտարելու հանգամանքը։
Տիգրան Ենոքյանն ասաց՝ ավտոմեքենայի մասով կա տվյալ, որ շուկայականից էժան գնով Բագրատունի Բարսեղյանն օտարել է, իսկ հենց Հովիկ Աբրահամյանից անհատույց փոխանցելու, օտարելու վերաբերյալ հարցին դժվարացավ պատասխանել։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը շարունակեց գործընկերոջ խոսքը, պատասխանողի ներկայացուցչին ասաց՝ անձը վերահսկվել է Աբրահամայնի կողմից, և այդ փաստի ուժով իրավասու մարմինը նախկին վարչապետին դիտարկել է իրական շահառու, ու այս առումով օրենսդիրը իրական շահառու լինելու հանգամանքը կապել է նաև անձին վերահսկելու հետ։
Փաստաբանը հետաքրքրվեց, թե իրավասու մարմինն արդյոք պարզել է, թե սեփականության իրավունքով Բագրատունի Բարսեղյանին պատկանող և նախկինում հաշվառված 50 ZZ 005 և 50 NN 005 համարանիշի ավտոմեքենաների, ինչպես նաև Mercedes և Bentley մակնիշի մեքենաների առուվաճառքի պայմանագրերն ինչպես են տեղի ունեցել, արդյոք դրանք կնքվել են Հովիկ Աբրահամյանի վերահսկմամբ, թե ոչ։
Դատախազ Ենոքյանը պատասխանեց՝ այդ համարանիշները համընկել են Հովիկ Աբրահամյանի և ընտանիքի անդամների, ու հատկապես որդուն պատկանող մեքենաների հաշվառման համարանիշների հետ։
«Կոնկրետ 50 NN 005-ը, եթե չեմ սխալվում, նախկինում Արգամ Աբրահամյանի անունով է հաշվառված եղել, հետագայում դա հաշվառվել է Բագրատունի Բարսեղյանի անունով, այսինքն՝ մենք դիտարկել ենք, որ հաշվառման համարանիշների թվերը տվյալ ժամանակահատվածում պատկանել են Հովիկ Աբրահամյանին։ Հաճախակի կան ավտոմեքենայի ձեռքբերումներ, վաճառքներ, հիմք է ընդունվել մաքսային հայտարարագրերի միջին արժեքների մեծությունը, և, այո, այդ գործարքների ժամանակ Բագրատունի Բարսեղյանը վերահսկվել է Հովիկ Աբրահամյանի կողմից։
Կրկին նշեմ՝ մենք ամբողջը համակցության մեջ ենք դիտում։ Բագրատունի Բարսեղյանը Հովիկ Աբրահամյանին այդ տարիների ընթացքում փոխանցել է 2 միլիոն 898 հազար դոլար և 1 միլիոն 351 հազար եվրո․ այս ահռելի գումարներով մենք ինչպե՞ս կարող ենք կենտրոնանալ միայն հաշվառման համարանիշի վրա»,-ասաց նա։
Դատարանում քննարկվեցին նաև Դիլիջանում բավականին մեծ հողատարածքների, Երևանի Դավիթ Բեկ, Դավիթ Անհաղթի, Ամիրյան փողոցների բնակարանների ձեռքբերման հարցերը, որոնք ևս կատարվել են ի հաշիվ Հովիկ Աբրահամյանի և նրա վերահսկմամբ։
Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ եղել են և՛ անկանխիկ, և՛ կանխիկ փոխանցումներ, բնակարանները հիմնականում կանխիկով են ձեռք բերվել, իսկ փոխանցված մյուս գումարները Հովիկ Աբրահամյանը և ընտանիքի մյուս անդամները սպառել են արտասահմանում։
Նաև հարց ուղղվեց տվյալ ավտոմեքենայով անվտանգության աշխատակցի կողմից ուղեկցելու պարտավորության մասին, ինչին ի պատասխան դատախազն ասաց՝ եղել են դեպքեր, երբ անձնական նպատակներով է ՀՀ-ից բացակայել, իսկ երբ ինքնաթիռով է մեկնել, դրանք համարվել են ոչ պաշտոնական այցեր, քանի որ դրանց արդյունքում արձանագրվել են սպառված միլիոնավոր դոլարների շարժեր։
Փաստաբանի հարցին՝ կա որևէ կոնկրետ ապացույց այն մասին, որ ոչ թե պաշտոնական այցով են արտասահմանում եղել, այլ մասնավոր, դատախազը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ պաշտոնական այց լինի, բայց, օրինակ, Բադեն-Բադենում մարդը ինչ-որ գումարներ սպառի»։
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի անվտանգության աշխատակիցներից է եղել նաև Գրիգոր Գևորգյանը, սակայն ավելի հաճախ Բագրատունի Բարսեղյանն է վերջինս հետ աշխատանքային այցով տարբեր տեղեր գնացել, նա է համարվել որպես վստահելի աշխատակից։
Ավտոմեքենաների համարանիշների և կատարված ուսումնասիրության վերաբերյալ նա նաև հետևյալը նշեց․ «50 005 համարանիշը կրող Բագրատունի Բարսեղյանը 3 միլիոն դոլար է փոխանցել Հովիկ Աբրահամյանին, մենք մի քանի բան ենք համադրում իրար հետ։ Այնպես չէ, որ այլ անձի էլ ենք վերագրել, կոնկրետ փաստերով ենք դիտել այս ամեն ինչը, չեմ կարծում՝ Բագրատունի Բարսեղյանն այնքան ապահովված էր, այնքան լայն հնարավորություն ուներ, որ իր ղեկավարի հաշվին կարող էր 3 միլիոն դոլար մուտքագրել, բայց չգիտեմ, դա հոբբի՞ է, հա՞, անվտանգության աշխատակից աշխատել։ Դրա համար էլ նշվում է, որ դրանց հենց Հովիկ Աբրահամյանի գումարներն են եղել»։
Այս նիստին հայցվորի ներկայացուցիչներին հարցեր ուղղեց նաև պատասխանող Գագիկ Պողոսյանի ներկայացուցիչ Նարեկ Քոչարյանը։
Կողմերը հարցուպատասխանը կշարունակեն հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Մարիամ Շահնազարյան