«Նման մոտեցումն իսկապես ծաղր է արդարադատության նկատմամբ»․ Դավիթ Հարությունյանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանող կողմը շարունակեց հայցի հիմքի վերաբերյալ հարցեր ուղղել հայցվորին։

Մինչ այդ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, խնդրեց չքննարկել նախորդիվ ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ նոր միջնորդությամբ ներկայացվել են ինչպես ՍԴ որոշմամբ արձանագրված որոշ մեկնաբանություններ, այնպես էլ  համապատասխան անշարժ գույքի և շուկայական արժեքների վերաբերյալ փորձագետի կողմից տրված եզրակացությունը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչները հայտնեցին՝ քանի որ հայցի հիմքի պարզմանն ուղղված հարցերը նախորդ նիստին չէին սպառվել, պետք է այդ հարցերն ավարտեն, այնուհետև անցնեն փոփոխության միջնորդության քննարկմանը։

Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ նախորդ նիստից հետո հարցում է ուղարկել թիվ 198 դպրոց, ստացվել են Դավիթ Հարությունյանի փաստացի եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն՝ աշխատավարձի չափը ավելի քիչ է եղել, քան Վիճակագրական կոմիտեից տրամադրված տվյալները։ Նրա խոսքով՝ սա ևս դիտվել է նոր հանգամանք՝ վերահաշվարկ կատարելու համար։

«Հայցադիմումը ներկայացվել է բացառապես ինձ վնաս պատճառելու նպատակով, որևէ այլ նպատակ չի եղել»,-ասաց Արդարադատության նախկին նախարարը՝ նիստի սկզբում անդրադարձ կատարելով հայցադիմումի մեջ ԵԽ-ից 2011 թվականին ստացված 3050 եվրոյին, նշեց՝ այդպես էլ հայցվորի ներկայացուցիչը չի պատասխանել՝ այդ գումարն ապօրինի են դիտարկել, թե օրինական, ինչու չեն պատշաճ պատասխանում իր հարցերին։

Հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ աշխատանքային ֆայլը տրամադրվել է, այդ գումարը դիտարկել է օրինական եկամուտ ու այն ընդգրվել է 2011 թվականին Հարությունյանի կողմից ստացված տարեկան աշխատավարձի մեջ։

«Նախադատական փուլում դատախազությունն ամեն ինչ արել է, որ ես պատշաճ դիրքորոշում ներկայացնեմ, դժվար չէր ընդամենը մեկ բառ գրել՝ այո, դիտարկել ենք օրինական, հիմա խոսքը եկեք չփոխենք, այս աղյուսակում ոչ մի տեղ չկա 3050 եվրոն կամ դրան համարժեք 1 միլիոն 149 հազար դրամը»,-ասաց նախկին նախարարը։

Դավիթ Հարությունյանը հայցվորի կողմից «ակնհայտ սուտ» տեղեկատվություն հայտնելու համար դատական սանկցիա կիրառելու միջնորդություն ներկայացրեց․ «Հայցվորը պնդում է, որ իրականում իրականացվել են ՕՀՄ-ներ, որոնք չեն իրականացվել, հնարավոր է՝ հայցվորն ինքը տեղակ չի եղել այդ մասին՝ չնայած դա ստուգելու պարտականություն ուներ, այսպիսի դեպքում մենք հավանաբար գործ ունենք թյուրիմացության հետ։ Կան բազմաթիվ այլ դրվագներ, երբ հայցվորը միտումնավոր ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։

Հարությունյանը միջնորդությամբ ներկայացրեց նախորդ նիստերին հայցվորի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, իր հարցադրումներին տրված հակասական պատասխանները։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ պատասխանող կողմը ցանկալի ձևով է ներկայացնում հայցվորի հնչեցրած պատասխանները․ «Մինչև այս փուլը պարոն Հարությունյանը որևէ հակափաստարկ չի ներկայացրել, թե որոնք են այն օրինական եկամուտները, որոնք գույքի ձեռքբերմանը մասնակցել են, ներկայացրել է բացառապես գործուղման փոխհատուցման տրամադրված գումարը, ինչը իրավասու մարմինը Կառավարության համապատասխան որոշմամբ նշել է, որ եթե գործուղման ծախսի փոխհատուցման համար որոշակի գումար է տրամադրվում և դա չի օգտագործվում, պարտավոր է վերադարձնել համապատասխան պետական մարմնին»։

Կողմերի դիրքորոշումները լսելով՝ դատարանը որոշեց ներկայացված միջնորդություն մերժել։ Դավիթ Հարությունյանը շարունակեց հարցեր ուղղել հայցվորին, կատարված հաշվարկների վերաբերյալ դիրքորոշում պահանջել։

Նիստից հետո Iravaban.net-ի հարցին՝ ինչու նիստի սկզբում Հարությունյանը հայտնեց, որ հայցը ներկայացվել է միայն իրեն վնասելու նպատակով, վերջինս նշեց, որ ակնհայտ դեպքեր կան, երբ իր եկամուտները տասնյակ անգամ նվազեցվել են, նաև եղել են եկամուտներ, որոնք ստացվել են, չեն հաշվարկվել։

«Ապացույցների հիմնական մասը գտնվում է հենց ՀՀ տիրապետման ներքո, և դատախազությունը մատը մատին չի խփել ու չի էլ պատրաստվում որևէ գործողություն անել, որ այդ ապացույցները բերվեն դատարան։

Արհեստականորեն նվազեցվում են եկամուտները, ուռճացվում են ծախսերը։ Օրինակ, բոլոր գործուղումների ծախսերը համարվել են անձնական ծախս, իսկ դրա դիմաց պետությունից ստացված փոխհատուցումները՝ ոչ։ Իմ նպատակն է ցույց տալ, որ ընդհանրապես նման մոտեցումն իսկապես արդարադատության նկատմամբ ծաղր է»,- ասաց արդարադատության նախկին նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ինքնին ունի համակարգային խնդիրներ, որոնց ՍԴ-ն դեռևս չի անդրադարձել, բայց շատերի համար, ովքեր ևս ներկա են լինում նիստերին, պարզ դարձավ, որ կան դեպքեր՝ եթե պետությունը  չի պահպանել ապացույցները, ապա որևէ այլ ապացույց ներկայացնել, բացի իր խոսքից, հնարավոր չէ։

«Հասկանալի է, որ դա լավագույն լուծումը չէ։ Դրանք օրենքի համակարգային խնդիրներն են։ Անգամ եթե դրանք անտեսենք,  պարզ է, որ դատախազությունն ընտրել է  աշխատանքի մի ոճ, որը որևէ աղերս չունի արդարության հետ, այլ նպատակ է հետապնդում ցանկացած գնով փորձել ապացուցել, որ անձն ունի ապօրինի գույք։ Այո, օրենքի նպատակը շատ ազնիվ է՝ կոռուպցիայի դեմ պայքար, բայց չի կարելի թույլ տալ, որ այդ նպատակը թղթի վրա մնա, և օգտագործվի քաղաքական հաշվեհարդարների համար։ Ինչո՞ւ պետք է արդարադատության նախարարի աշխատավարձը ներկայացնել 13 անգամ ավելի քիչ, չի՞ կարելի բացել օրենքը կարդալ՝ ինչքան էր դրույքաչափն ու բազմապատկել 12-ով»։

Պատասխանելով հարցին՝ կարճաժամկետ ի՞նչ խնդիր են ուզում լուծել՝ միգուցե պատրաստվում են ընտրություններին, թե PR տեսանկյունից են ուզում հանրությանն ինչ-որ բան ցույց տալ, Հարությունյանն ասաց. «Տարբեր խնդիներ են լուծում՝ պատժիչ խնդիր, PR խնդիր, ընտրությունների խնդիր, փորձում են մի կրակոցով մի քանի նապաստակ որսալ։ Գաղտնի չէ, երբ այս օրենքի առաջին նախագիծը եղավ, ես ամենախիստ քննադատն էի։ Քննադատում էի ոչ թե օրենքի նպատակը, համարում եմ՝ օրենքը խիստ կարևոր է, այլ մեխանիզմները, որոնք դրված են եղել այդ օրենքի հիմքում։ Այդ գիծը տարել եմ մինչև վերջ, եղել եմ պատգամավորների ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում։ Կարծում եմ՝ սա հանդիսացավ առաջին քայլը, որը դրդել է որոշակի պատժիչ գործողություններ իրականացել»։

Նա նշեց, որ ինքը զբաղվում է իրավաբանական ծառայությունների մատուցմամբ, ընդ որում՝ հիմնականում ոչ Հայաստանի սուբյեկտների հետ. «Ես անմիջապես տեղեկացրել եմ այս գործի մասին բոլոր նրանց, ում ծառայություն եմ մատուցել, իրենք ասել են՝ այս պայմաններում չեն կարող շարունակել աշխատել ինձ հետ։ Բնական է,  ճշգրիտ որոշում է իրենց կողմից։ Դրանով ինձ վնաս են տալիս, այսինքն սա երկրորդ քայլն է՝  հնարավորինս վնաս տալ ինձ։ Մեկ տարի է՝  կազմակերպությունն ունի 0 եկամուտ։ Հայցադիմումը ներկայացնելուց հետո առաջին իսկ հրապարակման պահից բոլոր պայմանագրերը խզվել են։ Այնպես որ հետապնդվող  նպատակները բազմաշերտ են»։

Գործով հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 7-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել