«Հովիկ Աբրահամյանը ցանկանում է շարունակել տնտեսական գործունեությունը»․ փաստաբանը դատարանին միջնորդություն ներկայացրեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հուլիսի 16-ին շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանող Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդություն ներկայացրեց։

Միջնորդությամբ նա խնդրեց նախնական ապահովման միջոցներ կիրառելու որոշումը ձևափոխել, թույլատրել իր վստահորդին տնօրինել 2025 թվականի հուլիսի 16-ից հետո առաջացած և հայցի առարկայում ներառված դրամական միջոցները, նաև դրանից հետո ստացված դրամական միջոցների հաշվին առաջացած գույքերը։

Հայտնեց՝ իր վստահորդը ցանկանում է շարունակել տնտեսական գործունեությունը և առկա սահմանափակումների վերացման խնդիր ունի։

«Գործի շրջանակներում կիրառված հայցի նախնական ապահովման միջոցների շրջանակներում տարատեսակ արգելանքներ են կիրառվել, ներառյալ արգելանք է կիրառվել համապատասխան դրամական միջոցների չափով, նաև Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցների նկատմամբ։ Պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա սահմանափակումները շարունակում են, դրանով պայմանավորված՝ իմ վստահորդը այլ ծառայությունների մասով դրամական միջոցներն ազատելու խնդիր ունի, մասնավորապես փաստաբանի ծառայությունների վարձատրության տիրույթում։

․․․Դատարանի կողմից կիրառված են հայցի նախնական ապահովման միջոցներ, և վարույթ ընդունելու փաստով պայմանավորված՝ դրամական միջոցների վրա կիրառված նախնական ապահովման միջոցները վերածվել են արգելանքների։ Գործն ընթանում է մոտավորապես 2 տարի, և ի տարբերություն մյուս սահմանափակումների՝ դրամական միջոցների մասով սահմանափակումները նաև վերաբերում են ապագայում մուտքագրման ենթակա միջոցներին»,-ասաց Ասատրյանը։

Դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրամական միջոցները ևս համարվում են գույք, հայտնեց՝ Հովիկ Աբրահամյանից իրավասու մարմինը պահանջում է շուրջ 19 միլիարդ դրամ գումար, ու այդ պահանջը պետք է բավարարվի այլ գույքերի, դրամական միջոցների հաշվին, որոնք ներառված չեն հայցի ապահովման մեջ թվարկված, հայցի առարկայում նշված շարժական ու անշարժ գույքերի, ընկերությունների մասնակցություններում։

«Այս պարագայում թույլատրելով 2025 թվականի հուլիսի 16-ից հետո տնօրինել դրամական միջոցներ կամ ձեռք բերել գույք, կարծում եմ՝ այդկերպ հնարավոր է իրավասու մարմինը չկարողանա իր պահանջը իրագործելի համարել, քանի որ դրանք կարող են ինչպես ձեռք բերվել, այնպես էլ սպառվել»,-ասաց Ենոքյանը։

Մյուս պատասխանողների ներկայացուցիչները ևս միացան միջնորդությանը, դատարանի որոշումը սահմանված ժամկետներում կուղարկի կողմերին։

Վարազատ Ասատրյանը նշեց, որ հայցվորին կատարված հաշվարկների վերաբերյալ հարցեր ունի, որոնք պարունակում են բանկային տեղեկություններ, միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել