«Եթե դատարկ-դատարկ խոսացած լինի, հնարավոր ա` հանած լինեմ, Արշավիրն ո՞վ ա, որ ինձ բան ասեր»․ Ծառուկյան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շարունակվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում այս գործով որպես վկա հարցաքննվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նախագահող դատավորի հարցին՝ ինչպիսի հարաբերությունների մեջ է գտնվում Աղվան Հովսեփյանի հետ, վերջինս պատասխանեց՝ մարդկային, ընկերական, ջերմ։

Հանրային մեղադրողը հարցրեց՝ Աղվան Հովսեփյանի որդու անունը գիտի, Ծառուկյանն ասաց՝ ոչ։

– Միսակ Հովսեփյանը ծանո՞թ անուն, ազգանուն է։

– Դե Հովսեփյան Միսակ, ուրեմն՝ Աղվան Հովսեփյանի տղան է, այո։ 

Հայ-բելառուսական առևտրի տան վերաբերյալ հարցին ի պատասխան վերջինս ասաց՝ դրա սեփականտերն է, սակայն ո՛չ կառավարումից է տեղյակ, ո՛չ անձնակազմից։ Նա նաև հայտնեց, որ չի ճանաչում Արշավիր Սարգսյանին։

Հանրային մեղադրողը հարց ուղղեց այն դրվագի վերաբերյալ, երբ Աղվան Հովսեփյանի որդին և Արշավիր Սարգսյանը միասին գնացել են Ծառուկյանի մոտ, Սարգսյանը հարցաքննության ժամանակ պատմել է, որ Ծառուկյանը կոպիտ է խոսել, հանել աշխատասենյակից։

Ծառուկյանը այդ դեպքի վերաբերյալ հետևյալը նշեց․ «Եթե դատարկ-դատարկ խոսացած լինի, հնարավոր է, բայց ես չգիտեմ՝ ինչի մասին ա խոսքը, եթե եկել ա իմ մոտ, ինձ ինչ պիտի ասած լինի, կամ Արշավիրն ո՞վ ա, որ ինձ բան ասեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել