Երևանի քրեական դատարանում հուլիսի 28-ին տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին սպանված Պողոս Պողոսյանի գործով նիստը, որը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին դատախազը միջնորդեց ևս մեկ անգամ հարցաքննել Պողոս Պողոսյանի սպանության գործով վկա Սթիվեն Նյուտոնին։
Հիշեցնենք՝ 43-ամյա Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է 2019-ին՝ դեպքի ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի բողոքից հետո։ Գործով միակ մեղադրյալը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին անդամներից «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանն է՝ անզգույշ սպանության հոդվածով։
Ըստ դատախազ Ծովակ Մնացականյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի, վկայի կողմից հյուպատոսական ծառայության միջոցով փոխանցված նամակում հայտնած տվյալների, նաև լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում տեղ գտած փաստական տվյալները նախորդիվ հայտնած տեղեկություններին չեն համապատասխանում։
Նա նշեց՝ դեռևս անպատասխան են մեղադրյալի գտվելու վայրի, նրա գործողությունների, տուժողին սրճարանի սանհանգույց տեղափոխելու, այդ ժամանակ մեղադրյալի կամ այլ անձանց մոտ ատրճանակ տեսնել-չտեսնելու հանգամանքներն ու այլ մանրամասներ։
Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը հայտնեց՝ պետք է հիմք ընդունել վկայի առաջին ցուցմունքը․ «Նյուտոնը հենց ամենասկզբից մինչև հարցեր տալն ուղղակիորեն ցուցմունք տվեց այն, ինչն ինքը տեսել էր և հիշում էր, այսինքն՝ ինքը, երբ մտել էր «տուալետ», տեսել էր իր ձախ կողմում Նալբանդյանին և «Կուկու»-ին, իսկ դեմ-դիմաց տեսել էր Պողոս Պողոսյանին պառկած, գլուխը դեպի զուգարանակոնքը, ոտքերը դեպի դուրս, հետո հարցերի միջոցով, թե ինչպես են մարդիկ հայտնվել, ինչ գործողություններ են կատարվել, այդ խառնաշփոթը բերեց, հակասություն առաջացրեց»։
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Դատախազը նաև կրկնակի փորձաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց․ «Միջնորդում եմ այս դատաքննության ընթացքում նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, և դրա կատարմամբ փորձագետներին առաջադրել մի շարք հարցեր՝ կապված ելակետային տվյալների, վնասի, վնասի պատճառման մեխանիզմների և մահվան պատճառահետևանքային կապի վերաբերյալ։
Մինչ փորձաքննության նշանակումը դատարանից խնդրում եմ ևս մեկ միջնորդության բավարարում՝ կապված արտաշիրիմում քննչական և դատավարական գործողության հետ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է այս գործողության կատարման համար ստանալ Պողոս Պողոսյանի մերձավոր ազգականների համաձայնությունը և կատարել այն»։
Դատախազը հայտնեց, որ դրա արդյունքում բոլորովին այլ պատկեր կարող են ստանալ, քանի որ վկայի նամակ-դիմումում նշվել է ատրճանակի գործադրմամբ հարվածներ հասցնելու մասին։
Պաշտպանը միջնորդության վերաբերյալ հետևյալը նշեց․ «Անցել է 24 տարի և կարծում եմ՝ արտաշիրիմումը ոչինչ չի կարող տալ, որովհետև դա ընդամենը կարող է նոր վնասվածք հայտնաբերել, ինչը մահվան հետ որևէ առնչություն չի կարող ունենալ, առավել ևս, որ այս պահին կա փորձագիտական եզրակացություն, որ նրա մահն առաջացել է գանգուղեղի կոտրվածքի հետևանքով»։
Դատախազը պաշտպանի հայտարարությանն ի պատասխան նշեց, որ գանգուղեղի կոտրվածք չի եղել, իր կասկածները տանում են նրան, որ կոտրվածք պետք է լիներ, բայց այն չի հայտնաբերվել, դրանով էլ պայամանավորված նման միջնորդություն է ներկայացնում։
Դատարանը վերջին միջնորդութայն վերաբերյալ որոշում չկայացրեց, նախագահող դատավորը հայտնեց, որ դեռևս պետք է ստանան Պողոսյանի հարազատների համաձայնությունը։
Տուժողի ներկայացուցիչը միջնորդեց նաև փորձագետ Շավարշ Գևորգյանին հրավիրել դատարան, սակայն թե՛ մեղադրանքի կողմը, թե՛ դատարանն ընդգծեցին, որ ելակետային տվյալները ստանալու արդյունքում նոր անհրաժեշտություն կառաջանա վերջինիս նորից դատակոչելու։
Գործով հաջորդ նիստի օր նշանակվեց օգոստոսի 15-ը։