2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման եզրափակիչ միջոցառումը։
Մշտադիտարկման փորձագետ, իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց կատարված աշխատանքների արդյունքները։
Մշտադիտարկման մաս էր կազմել նաև մարդու իրավունքների ապահովումը ՝ ոստիկանության ծառայության շրջանակներում: Ներկայացված են 11 գործողություն, որոնցից երկուսը կատարված են լրիվ, ութը՝ մասնակի, և մեկը՝ ընդհանրապես չի կատարվել: Հիմնական գործողություններն են՝ ձերբակալված անձանց պահելու մասին նոր օրենքի նախագծումը, վատ վերաբերմունքի արձանագրման մեխանիզմների ներդրումը, տրանսպորտային միջոցների ձեռքբերումը, իրավունքների ծանուցումների թարգմանությունը տարբեր լեզուներով, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի վերաբերյալ վերապատրաստումներ, հասարակական դիտորդների խմբի վերակազմավորումը, ընտանեկան բռնության օրենսդրական դաշտի կատարելագործումը:
Անդրադարձ է կատարվել նաև ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարության իրականացման մի քանի ուղղություններին: Փորձագետի խոսքով՝ հիմնական խնդիրները կապված են փաստաթղթային հիմնավորումների բացակայության, գենդերազգայուն մոտեցումների ներդրման և թափանցիկության հետ:
«Կարևոր ուղղություններ են եղել՝ բռնության ենթարկված երեխաների հետ հաղորդակցության ուղեցույցների մշակումը, վերապատրաստումների իրականացում, համակարգող խորհրդի ստեղծում, հանրային հաղորդակցության ռազմավարության մշակում, հանրային վստահության գնահատում։ Չնայած որոշ աշխատանքներ կատարվել են, դրանց որակի և ամբողջականության վերաբերյալ կան էական վերապահումներ»,- նշում է մասնագետը:
Մանրամասները տեսանյութում։