«Այս դատավարությունը մեկ դարպասի վրա ֆուտբոլ է․ դարպասապահ չունենք, անընդհատ տուգանային են խփում, գոլ է ստացվում»․ Արմեն Սաքապետոյանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը, որ նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով հայցվորի նոր ներկայացուցիչ ներգրավվեց, նա դատարանին ներկայացրեց լիազորագիրը։  Վերջինս միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու հանգամանքով պայմանավորված։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն ասաց՝ անհասկանալի է դատախազության գործելաոճը։ Նշեց՝ հայցադիմումը դատարան է մուտքագրվել վերջին օրը՝ հայցային վաղեմության ժամկետի լրացման պայմաններում, դրանով իսկ պատասխանող կողմը նախադատական փուլում զրկված է եղել իր դիրքորոշումները հայտնելու հնարավորությունից, և ստիպված կիրառված հայցի ապահովման, չճշտված հայցագնի պայմաններում դատախազությունն իր դիրքորոշումն է ներկայացրել։

Փաստաբանի խոսքով՝ դրանից հետո տեղի է ունեցել նյութերի ուսումնասիրություն, ինչին զուգահեռ դատական նիստերը հայցվորի պահանջով հետաձգվել են։ Նշեց, որ դեռևս հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությունը քննարկված չէ, իսկ նիստերի հետաձգումը պատասխանողի շահերից չի բխում․ «Ուզում եմ դատարանի ուշադրությունը հրավիրել այն փաստերի վրա, որ դատախազությունն իմ կարծիքով պատշաճ չի վերաբերում այս գործին, դատախազության վարքագիծը, ներկայացված միջնորդությունները, դատախազների փոփոխությունները, որոնք տեսանելի են»։

Հայցվորի նոր ներկայացուցչից ճշտեց՝ ինչու դատախազության մյուս ներկայացուցիչ Կառլեն Ափինյանը չի ներկայացել, քանի որ հաշվարկների, առկա անհամապատասխանությունների մասով հարցեր կան։

Դատախազը պատասխանեց՝ քանի որ գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտություն կար, դրա համար չի ներկայացել։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանն ասաց՝  հայցվոր կողմի նման վարքագիծը իրավունքի չարաշահում է․ «Այս դատավարությունը մեկ դարպասի վրա ֆուտբոլ է․ դարպասապահ չունենք, անընդհատ տուգանային են խփում, գոլ է ստացվում։ 4,5 տարի դատախազությունը չի պատկերացնում՝ ինչ է ուզում, և 1,5 տարի էլ դատավարություն է տեղի ունենում, անընդհատ տարբեր դիրքորոշումներ են փոխվում, տարբեր դատախազներ են փոխվում»։

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել