Դադարեցվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը

2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։  Այս մասին   Iravaban.netտեղեկանում է  կառավարությունից։

Ըստ հիմնավորման՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) դեռ 2024 թվականի նոյեմբերին հրապարակած զեկույցում արձանագրել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցի» պայմանները ոչ միայն չեն բարելավվել 2019 թվականի այցելությունից հետո, այլև էլ ավելի են վատթարացել։ Զեկույցում նշվում է, որ հիմնարկը գտնվում է խարխուլ վիճակում և չի կարող համարվել առողջապահական հաստատություն։ Կոմիտեն հստակ կոչ էր արել հայկական իշխանություններին հնարավորինս շուտ փակել այդ հաստատությունը։

Արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով միջազգային կառույցների գնահատականները, արձանագրում է, որ հիմնարկի հետագա գործունեությունը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային չափանիշներին։ Հաստատության փակումը նպատակ ունի առավել արդյունավետ օգտագործել պետական ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները։
Նախատեսվում է, որ դատապարտյալների և կալանավորված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նորաբաց տեղամասում։ Իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կիրականացվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»՝ ապահովելով նրանց մասնագիտացված խնամք և վերականգնողական աջակցություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել