«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրները այսօր հանդիպում ունեցան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ: Սակայն մինչ ՓՊ նախագահի հետ հանդիպումը, դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեց Հանրային պաշտպանի գրասենյակում (ՀՊԳ): ՀՊԳ ղեկավար Մելանիա Առուսատմյանը շրջայց կազմակերպեց Հանրային պաշտպանի գրասենյակում, ներկայացրեց գրասենյակի կառուցվածքը կազմը, հանրային պաշտպաններ ներգրավելու, քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու ընթացակարգերը և պատասխանեց ունկնդիրների հարցերին:
Տիկին Առուստամյանը նշեց, որ հայաստանյան ՀՊԳ մոդելը առավել արդյունավետ է գործում, քան նախկին մոդելն էր, որը մի շարք խախտումների և զավեշտալի դեպքերի առիթ էր դառնում: Օրինակ, պաշտպանի աշխատանքի ժամաքանակի վերաբերյալ տեղեկանք էին տալիս քննիչները, և դեպք էր եղել, երբ պարզվել էր, որ փաստաբանը օրական 48 ժամ աշխատել էր:
Այնուհետև ունկնդիրները շրջայց կատարեցին Փաստաբանական դպրոցում: Դպրոցի փոխտնօրեն Ռոման Ահարոնյանը սաներին ներկայացրեց, թե ինչպես են ընդունվում դպրոց, ավարտում, ինչպես են ստանում փաստաբանի աստիճան, նաև պատասխանեց ուսումնական առկա և հեռահար ձևերի մասին հարցերին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երիտասարդ իրավաբաններին և իրավաբան ուսանողներին հետաքրքիր օրինակներով ներկայացնում էր փաստաբանի աշխատանքի թե դժվար, թե հաճելի կողմերը, փաստաբանական համայնքի անցած ճանապարհը, Փաստաբանների պալատի կառուցվածքը, խնդիրները:
Դպրոցի ունկնդիրների մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում ոչ ազնիվ ճանապարհով վաստակող փաստաբաններին, Արա Զոհրաբյանը պատմեց, որ այս ուղղությամբ էլ բավականին դժվար ճանապարհ են անցել և ներկայումս էլ շարունակում են պայքարել նման փաստաբանների դեմ: Տարիներ առաջ հաճախ են եղել դեպքեր, երբ քաղաքացին ծառայությունների գինը իմանալուց հետո երկրորդ հարցն է տվել. «Դատավորի գումարն էլ է՞ ներառվում»: Եվ երկար ժամանակ զբաղվել են միայն «անհույս գործերով», որտեղ կողմը կոռուպցիոն քայլերի չէր դիմում: Իսկ ներկայումս, Արա Զոհրաբյանի խոսքով, Փաստաբանական դպրոցի հենց առաջին դասաժամին խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից: Եվ փաստաբանի ազնիվ, միայն իր գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարևոր դեր կունենա արդարադատության համակարգի կայացման համար:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Նախորդ հրապարակումները՝
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար