Դատական դեպարտամենտի և մյուսների գործով այսօր եղան վերջին պաշտպանական ճառերը:
Ամբաստանյալ Մերուժան Կյուրեղյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ կազմակերպված խմբի անդամ լինելու մասին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնազուրկ է, հետևաբար մեղադրողի պահանջը նույնպես: Ինչ վերաբերում է պաշտոնական կեղծիքի մեղադրանքին, ապա փաստաբանն ասաց, որ այս հարցում փաստաբանը միջնորդեց մեղադրական ակտ կայացնելու դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակել առավել պատիժ և այն չկիրառել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) հիմք ընդունելով:
Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի ճառին, նա նշեց, որ առ այսօր չի կարողանում հասկանալ մեղադրանքի էությունը. «Ինձ համար մինչև օրս անհասկանալի է, թե ես ինչ գործողություններ եմ կատարել կազմակերպված խմբի կազմում»,- նշեց նա:
«Փորձել են մեղադրանքը «սվաղել» ու բոլորի գործողությունները դնել մեկ հարթության վրա»,- կրկին մեղադրանքի բնույթի մասի էր մեկ այլ ամբաստանյալ Արմեն Ավագյան պաշտպան Անահիտ Եսայանի պաշտպանական ճառը: Մեղադրանքը կայուն խումբ ստեղծելու և պետական բյուջեից շուրջ 115 մլն դրամ հափշտակելու մասին է: Փաստաբանը շարունակեց իր ճառը. «Իմ պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հափշտակության հատկանիշներով ընդհանրապես չկա, չկան անձիք, թեկուզ մեկը, ով նշի, որ Արմեն Ավագյանը որևէ գումար է ստացել, նյութական շահ ունեցել, ուստի հանցակազմի տարրը բացակայում են, արարքը հիմնավորված չէ»:
Իսկ պաշտոնական կեղծիքի մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս փաստաբանը հիշեցրեց, որ ամբաստանյալն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել, նա խնդրեց այս հոդվածով նշանակել ավելի մեղմ պատիժ` հաշվի առնելով այն, որ Արմեն Ավագյանը 2013թ.-ից կալանքի տակ է գտնվում:
Այսքանով ավարտվեցին պաշտպանական ճառերը, հաջորդ նիստին, որը տեղի կունենա հունիսի 29-ին, ամբաստանյալները հանդես կգան վերջին խոսքով:
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրանք է առաջադրվել Դատական դեպարտամենտի 13 նախկին պաշտոնատար անձանց: Նրանցից 12-ը մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և պետությունից ավելի քան 115 մլն դրամ հափշտակելու համար:
Գևորգ Թոսունյան