Մեղադրանքը
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
Գործը քննվել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, 2014թ. հուլիսի 23-ին գործը ստացվել է դատարան:
Շուրջ մեկ տարի տևած նիստերը հանգեցրին նրան, որ ամբաստանյալը դատարանում հայտարարեց՝ գործը ձգձգելու նպատակը է ակնհայտ ապօրին գործողություն է մեղադրողի կողմից:
Նախորդ դատական նիստին, վկաների ցուցմունքներից հետո, մեղադրող դատախազը դատավորից խնդրեց ողջամիտ ժամկետ տրամադրել իրեն` մեղադրանքը մի քանի ամբաստանյալների նկատմամբ փոփոխելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Ամբաստանյալն իրեն զգում է, ինչպես թատրոնում
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Դատական դեպարտամենտի նախագահ Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Սույն գործով մեղադրող Հակոբ Մելքոնյանը, վերանայելով գործը, Միսակ Մարտիրոսյանի և Անգին Ղուկասյանի մեղադրանքի մասով փոփոխություն է կատարել: Ըստ էության էական ոչինչ չի փոխվել: Ավելի ուշ պարզաբանեց Միսակ Մարտիրոսյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը. «Քանի որ քրեական օրենսգիրքը փոփոխվել էր մեղադրանքը ուղղակի համապատասխանեցվեց օրենսգրքին, եթե առաջ երեք դրվագ էր առանձին-առանձին, դատախազ հիմա ընդամենը խմբավորեց դրանք: Խմբագրական քայլեր արեց 179-ը հոդվածի մեջ, որտեղ իրենք ավելի խճճվեցին, ավելի ցայտուն դարձավ մեղադրանքի անհիմն լինելը: Դատախազը բաներ նշեց, որոնք գործի փաստերով ձևավորված չեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Այսօրվա նիստին միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը. «Մեղադրողը նշեց, որ երկու շաբաթը բավական է մեղադրական ճառին պատրաստվելու համար, սակայն նշված օրը մյուս մեղադրողը հանդես եկավ և հայտարարեց, որ երկու շաբաթը բավարար չէ, նիստը կրկին հետաձգվեց երկու շաբաթով և զավեշտալին այն է, որ երկու շաբաթ անց ոչ ոք մեղադրողներից չեկավ: Սա վկայում է այն մասին, որ ինձ առաջադրված մեղադրանքի մասով չեն կողմնորոշվում, այս ամենը մեղադրողի կողմից կազմակերպված վատ թատրոն է, դերասաններն էլ վատ էին խաղում»,- հայտարարեց նա՝ միջնորդելով դատարանում հարցաքննության կանչել գործի նախաքննական վարույթն իրականացրած քննչական խմբի 2 ղեկավարներին:
Մեղադրող կողմը առարկեց միջնորդությունը հայտարարելով, որ արդեն բազմիցս լսել է նույն խոսքերը և ոչ մի նոր բան չկա: Դատավոր Արշակ Վարդանյանը գնաց խորհրդակցական, միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Լիլիթ Շաբոյան