Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ յուրացնելու գործ. փաստաբանները խոսեցին եզակի դեպքի մասին

Եզակի դեպք, երբ պաշտպանական կողմը համաձայն է մեղադրող դատախազի հետ: Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով այսօր եղան պաշտպանական ճառեր:

Ճառերով հանդես եկան ամբաստանյալներ Գագիկ Խաչատրյանի, Յուրա Մուշկիդյանովի և Եղիազար Սարգսյանի պաշտպանները՝ Գեղամ Հակոբյանը, Կարեն Քամալյանն ու Սեդա Սաֆարյանը:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանն իր ճառում անդրադարձավ միայն պատիժ նշանակելու հանգամանքին. «Սա այն եզակի դեպքերից է, երբ պաշտպանական կողմը համաձայն է մեղադրանքի հետ, իմ պաշտպանյալը բացասական որևէ բնութագրող հատկանիշ չունի, իր դրվագով վերագրվող գումարը ամբողջությամբ և կամովին հատուցել է: Ամենակարևորը, որ նա ակտիվորեն օժանդակել է գործի քննությանը` կատարվածի համար զղջալով: Լիովին առկա են բավարար հիմքեր նախատեսված սանկցիան նվազագույն պատժաչափ սահմանելու, այն պայմանական չկիրառելու համար»,- ասաց փաստաբանը՝ խնդրելով դատարանին մեղադրողին պահանջված չափով նշանակվող պատիժը չկիրառել, փոխարենը կիրառելով համաներման ակտ:

Կարեն Քամալյանն իր ճառում միջնորդեց պաշտպանյալի հանցանքի վերաորակում իրականացնել՝ նրան դատապարտելով տուգանքի և ազատելով պատժից. «Քրեական գործում առկա չէ ապացույցի նշույլ, որ կհիմնավորեր իմ պաշտպանյալի՝ Յուրա Մուշկիդյանովի մեղքը: Նա Նախաքննության ընթացքում ամբողջությամբ կամովին հատուցել է կատարված վնասը, իսկ կազմակերպված խումբը բնութագրող կայուն խմբավորման մեջ լինելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց փաստաբանը:

Այս գործով եզակի դեպքի մասին խոսեց նաև Եղիազար Սարգսյանի փաստաբանը՝ Սեդա Սաֆարյանը: Նա համաձայնվեց այն մտքի հետ, որ մեղադրանքի ու պաշտպանական կողմի դիրքորոշումները համընկնում են: Փաստաբանը խնդրեց նույն դատավճիռը կայացնել իր պաշտպանյալի նկատմամբ՝ նրան ազատելով պատժից: Նա ասաց, որ իր պաշտպանյալ հասցրված վնասից ավելին է հատուցել:

Ամբաստանյալները միացան իրենց պաշտպանների ճառերին՝ խնդրելով նշանակել մեղմ պատիժ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր պատժից ազատել ամբաստանյալներ Գագիկ Խաչատրյանին, Եղիազար Սարգսյանին, Յուրա Մուշկիդյանովին՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ազգային ժողովի որոշմամբ 2-րդ կետի 4-րդ ենթակետով:

Այնուհետև ճառերով պետք է հանդես գային մյուս ամբաստանյալների փաստաբանները, այդ թվում Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը, սակայն պաշտպանական կողմը խնդրեց դատական նիստը հետաձգել: Դատական վիճաբանությունների փուլը կշարունակվի հաջորդ երկուշաբթի:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել