«Շնորհակալություն ձեր արդարադատության համար»,- Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը հեգնական այս խոսքերով ընդունեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այս տարվա հուլիսի 18-ին կայացրեց դատավճիռ` դեպարտամենտի նախկին ղեկավարի և նույն հիմնարկի 12 աշխատակիցների գործով: Նրանք մեղադրվում էին հանցավոր խումբ ստեղծելու և պետությունից 115 մլն դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ: Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 6 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավվում` ոչ ավելի քան 720 հազար դրամը:
Վերաքննիչ դատարանում գործը քննվում էր դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ: Այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը որոշեց Միսակ Մարտիրոսյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել, ընդ որում՝ դատարանը խստացրեց պատիժը՝ ազատազրկում նշանակելով 7 տարի ժամկետով՝ 655 հազար ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:
Ինչպես հուլիսի 18-ին՝ առաջին ատյանի դատավճռի հրապարակման օրը, այնպես էլ այսօր՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի հարազատները ընդունեցին արտասուքով: Ի տարբերություն առաջին ատյանի դատավճռի, այս անգամ նրանք ուրախությունից էին արտասվում, քանի որ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ պատիժը մեղմացվել էր ու նա համաներմամբ ազատ արձակվեց: Գեղամ Գրիգորյանի փաստաբանն է Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ դատական նիստին ներկա չէր մեղադրող դատախազը, թեև մինչ այդ նա դատարանում էր:
Գևորգ Թոսունյան
Մանրամասները՝ տեսանյութում: