Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամեն ամիս Մարտիրոսյանի սեղանին գումար եմ դրել, ընդհանուր` 20 մլն ՀՀ դրամի չափով. ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով ամբաստանյալ Արմեն Մովսիսյանի նախաքննական ցուցմունքն ու առերեսումները:

Հիշեցնենք՝ այս գործով դեպարտամենտի նախկին ղեկավարի և հիմնարկի մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2009-2013թթ.-ին կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետական բյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու համար:

Արմեն Մովսիսյան, ով եղել է հիմնարկի ղեկավարի տեղակալ, իր ցուցմունքում նշել է, որ 2004 թվականից սկսած հիմնարկի ղեկավարությունը մշտապես դժգոհ է եղել ցածր աշխատավարձերից, խնդրին այդպես էլ լուծում չի տրվել, ուստի Արմեն Մովսիսյանն առաջարկել է փաստացի չաշխատող դատական կարգադրիչներ գրանցել աշխատացուցակներում, իսկ նրանց աշխատավարձերը յուրացնել: Նա այդ մասին ասել է Միսակ Մարտիրոսյանին, ով չի առարկել, այնուհետև իրականացրել են մտածածը: Նախաքննական ցուցմունքում Մովսիսյանը նշել է, որ 4 տարիների ընթացքում ամեն ամիս տարբեր չափերի հասնող գումար է հանձնել Միսակ Մարտիրոսյանին, ընդհանուր հաշվով` 20 մլն ՀՀ դրամի չափով գումար:

Այնուհետև ցուցմունք տվեց հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով Միսակ Մարտիրոսյանի հետ, 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսների ընթացքում քաղաքացիներ Արմեն Պետրոսյանին և Միքայել Ստեփանյանին նույն հիմնարկում աշխատանքի ընդունելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Անգին Ղուկասյանը դատարանում իրեն մեղավոր չճանաչեց: Նա ասած, որ իր գործողությունները պարզապես նպաստել են, որ Միսակ Մարտիրոսյանի և նշյալ անձանց միջև համաձայնություն ձեռք բերվի. «Իմ կատարած արարքը ճիշտ քրեաիրավական գնահատականի չի արժանացել, որակման հետ համամիտ չեմ: Իմ կարծիքով` իմ կատարած արարքը կաշառքի միջնորդություն է ընդամենը: Ես ի պաշտոնե չեմ հանդիսանում կաշառքի սուբյեկտ, չէի կարող հօգուտ որևէ անձի կատարել որևէ գործողություն կամ զերծ մնալ դրանից: Ես ընդամենը նպաստել եմ, որ աշխատանք փնտրողի և տվողի միջև համաձայնություն լինի»,- նշեց ամբաստանյալը:

Այս պահին նրան հարցեր է ուղղում ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը:

Մանրամասները` քիչ ավելի ուշ:

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը` հեղինակի
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել