Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ճառեր 115 մլն դրամ հափշտակության գործով. «Դու հաստատել ես, դու մեղավոր ես»

«Ձեր ճառը երկար է լինելու, այդպես չէ»,- դատական նիստը սկսվելով Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հարցրեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին. «հա, բավականին»,- պատասխանեց Մարտիրոսյանը ձեռքն ունենալով մի քանի տասնյակ էջանոց պաշտպանական ճառը:

Դատարանը մինչ հիմնական ամբաստանյալի և նրա փաստաբանի ճառը լսելը, ունկնդրեց գործով ամբաստանյալ Արման Փալիկյանի պաշտպան Հրանտ Անանյանի պաշտպանական ճառը:

Փաստաբանը նշեց, որ անմեղության կանխավարկածի լույսի ներքո ընդամենը չփարատված կասկածներ են մնացել: «Պաշտպանյալիս մասով դատաքննությամբ չի հիմնավորվել նրա մասնկցությունը որպես կազմակերպված խմբի անդամ ներգրավված լինելու հանգամանքը, նա հանձնարարությունը կատարելով չի գիտակցել հափշտակության գործընթացի մասին»- ասաց պաշտպանը:

Նա մեջբերեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներից հատվածներ, որոնցում Փալիկյանն իրեն մասնակի մեղավոր է ճանաչում: Փաստաբանը հավելեց, որ առկա են մեղմացուցիչ հանգամանքներ: Ըստ նրա` ամբաստանյալը երիտասարդ է, բնութագրվում է դրական, խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ, երբևէ դատապարտված չի եղել, մասնակի ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է, աջակցել է նախաքննության մարմնին` բացահայտելու գործը, քրեական գործի քննության ողջ ընթացքում որևէ հակաօրինական վարքագիծ չի դրսևորել:

Փաստաբանը հավելեց, որ հանցագործության պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նա խնդրեց Արման Փալիկյանին առաջադրված մեղադրանքում արդարացնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում հնարավորինս մեղմ պատիժ սահմանել և պատիժը պայմանականորեն չկիրառել, այլ կիրառել 2013թ. համաներման ակտը:

Ամբաստանյալը նշեց, որ միանում է պաշտպանի ելույթին, ամբողջական ճառով հանդես գալու ցանկություն չունի:

Միսակ Մարտիրոսյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը նշեց, որ եթե մեղադրողը օբյեկտիվ գտնվի, ապա պետք է հրաժարվի մեղադրանքից: Ըստ փաստաբանի՝ գործով ամբաստանյալ Արմեն Մարտիրոսյանը նախաքննության մարմինի թելադրանքով «սուտ ցուցմունք տվել Միսակ Մարտիրոսյանի դեմ». «Միսակ Մարտիրոսյանի վերագրող արարքների կատարման համար չկա որևէ ապացույց: Ի սկզբանե նպատակ էր դրվել շոու կազմակերպել: Իմ պաշտպանյալին մեղսագրվող գործողությունը չի կատարվել, բացի այդ 115 մլն դրամի կառուցվածքն է անհայտ, մեղադրանքում հստակեցում չկա, թե կոնկրետ որքան գումար է հափշտակել Մարտիոսյանը: Այլ կերպ ասած՝ բոլորին «նույն արշինով են չափել»,- նշեց փաստաբանը:

Նրա ճառի համաձայն՝ անհիմն է Միսակ Մարտիրոսյանին պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա հիմնարկի ղեկավար է եղել և ստորագրել է բոլոր փաստաթղթերի տակ, պարոն Զուռնաչյանը պնդեց, որ որևէ այլ ապացույց չկա, որ կփաստարկեր իր պաշտպանյալի ներգրավվածությունն այդ հանցավոր խմբում. «Նման դեպքում կարելի էր ցանկացած ղեկավար անձին՝ ՀՀ գլխավոր գանձապետից մինչև ֆինանսների նախարար, ասել, որ ա՛յ այստեղ հափշտակություն է եղել, դու հաստատել ես, դու մեղավոր ես»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել