Կենտրոն և Նորք-Մարաշ քրեական դատարանում մարտի 9-ին տեղի ունեցավ Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով հերթական նիստը, որի ընթացքում Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարան հրավիրել գործը քննող քննիչին: Ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը: Նա կասկածելի համարեց այն հանգամանքը, որ քննիչը նախաքննության ընթացքում նույն օրը մի քանի հոգու հարցաքննել է. «Ինչպես կարող է ստացվել, որ 4 հոգի հարցաքննվեն երկու ժամվա ընթացքում, ինչպե՞ս է այդ քննիչը հասցրել այս ամենը կատարել»-ասաց ամբաստանյալը:
Միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալներից Արմեն Մովսիսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խնդրելով դատարան հրավիրել վկաներից Տաթևիկ Մովսիսյանին և Արմինե Հարությունյանին: Իր միջնորդության մեջ փաստաբանը ասաց, որ այս վկաներից դատաքննության ընթացքում դիմումներ է ստացվել, ըստ որոնց՝ Արմինե Հարությունյանը, ով Միսակ Մարտիրոսյանի կինն է, չի ցանկանում ներկայանալ դատարան և ցուցմունք տալ ամուսնու գործով, իսկ Տաթևիկ Մովսիսյանը գտնվում է արտերկրում և նույնպես չի կարող ներկայանալ դատական նիստին: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց մերժել միջնորդությունը:
Դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց նաև ամբաստանյալներից Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, նա դատարանից խնդրեց անթույլատրելի ճանաչել նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի դեմ՝ մի շարք վկաների ու մեղադրյալների ցուցմունքները: Մեղադրող կողմն առարկեց՝ պատճառաբանելով, որ միջնորդությունը բավարարելու հիմքեր չկան:
Դատարանը որոշեց ավելի մանրամասն ուսումնասիրել միջնորդությունները և նիստը հետաձգել մինչև մարտի 16–ը:
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնական անձիք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրվում է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
Ելենա Արամյան
Իրավաբան.net