Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Դատարանը սկսեց հանուն Հայաստանի Հանրապետության, բայց ավարտեց Գլխավոր դատախազի տեղակալի խաթր». պետությունից 115 մլն ՀՀ դրամի հափշտակության գործով վերջին խոսք

Դատական դեպարտամենտում կատարված յուրացումների արդյունքում պետությունից հափշտակվել է 115 մլն ՀՀ դրամ, այս փաստը հաստատել է առաջին ատյանի դատարանը, իսկ դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն առ այսօր այս ամենը որակում է որպես շոու:

Ըստ նրա՝ շոու էր, որովհետև մեղադրանք հիմնավորված չի եղել, իսկ թվերը ուռճացված են: Գործը Վերաքննիչ քրեական դատարանում է՝ դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ: Այսօր Միսակ Մարտիրոսյանն ու գործով անցնող 12 ամբաստանյալները հանդես եկան ճառերով և վերջին խոսքով:

Մարտիրոսյանը հիշեց, որ նույն տարիներին, երբ իբր թե ջրի երես ելավ յուրացումների մասին փաստը, թաքցրվում էին այլ՝ առավել մեծ հափշտակություններ, իր ճառում նա ասաց. «Շոուի էր վերածվել, Կենտրոն սանմաքրման ծառայությունում 300 մլն ՀՀ դրամի հափշտակություն էր կատարվել, ոստիկանությունում էր եղել մեծ չարաշահում ու յուրացում, ոչ ոք այս մասին չխոսեց, իսկ դատական իշխանությունում մի հատ սենց բան եղավ, անմիջապես աղմուկ բարձրացրին: Ընդամենը 3-4 հոգի էին ձերբակալվել, ամբողջ լրատվական դաշտը հեղեղված էր, որ 300 և 400 անգամ 700 մլն ՀՀ դրամի յուրացումներ են եղել»:

«Եթե ասենք, որ սա արվում էր պատահականորեն, ուրեմն չարաչարորեն սխալված կլնիենք,- նշեց Միսակ Մարտիրոսյանը և հավելեց,- Ուղակի հիշեք այդ ժամանակահատվածը: Երբ հարուցված քրեական գործը քննում էր, Գլխավոր դատախազի թեկնածությունների հարցն էր քննարկվում մամուլով, թեկնածուների թվում նշվում էր այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանը: Վերջինս ինձ հետ ուներ անձնական խնդիրներ, դրա համար էլ ունենք այն մոգոնված գործը, որի մասին խոսեցինք: Երբ որ ես աշխատում էի Երևան քաղաքի դատախազի օգնական, նա ինձ հանձնարարություն էր տվել Մալաթիա-Սեբաստիա այն ժամանակվա դատախազի նկատմամբ այնպիսի բաներ գրել, որ նրան աշխատանքից ազատեն, իմ կողմից նման բան չկատարվեց ու նա ասաց, որ մենք թշնամիներ ենք»,- հիշեց ամբաստանյալը` նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազի ներկայիս տեղակալ Հրաչյա Բադալյանին:

Միսակ Մարտիրոսյանը նաև պատմեց՝ երբ իր նկատմամբ արդեն ընտրվել էր կալանավորումը որպես խափանման միջոց, գործի նախաքննությունն իրականացնող քննիչը գործարքի առաջարկ է արել. «2014թ. մարտի 3-ին խափանման միջոցի ժամկետը երկարացնելու որոշումն էր բերել քրեակատարողական հիմնարկ, եկել էր միայնակ, ասում էր՝ եթե դու Արման Մկրտումյանի վերաբերյալ որևէ բան ասես ու մենք ճշտենք, որ դա ճիշտ է, միանշանակ քո խափանման միջոցի հարցը կլուծենք, իսկ դատարանում էլ դու քո հարցերը կլուծես, նա ասաց, որ Հրաչիկ Բադալյանն է դա ասում, հարցրի՝ Հրաչիկ Բադալյանից լիազորագիր ունես, հասկացավ՝ ինչ անհեթեթ վիճակում է հայտնվել, գնաց, ու այդ քննիչին այդ փառահեղ աշխատանքի համար ազատեցին համակարգից»:

Նրա ճառից հետո պաշտպանը՝ Վարդան Զուռնաչյանը Վերաքննիչ դատարանին խնդրեց բեկանել առաջին ատյանի դատավճիռն ու ազատ արձակել Մարտիրոսյանին:

Այնուհետև դատարանն անցավ վերջին խոսքերին, ամբաստանյալները կարճ էին ձևակերպում իրենց խոսքը՝ նրանցից մի քանիսը կողմ էին, որ առաջին ատյանի դատարանի վճիռը մնա ուժի մեջ, մեղադրող դատախազը ելույթ չունեցավ:

Միսակ Մարտիրոսյանը նույնպես կարճ կապեց, նա միայն ասաց. «Եթե սկսեմ երկար խոսել, ապա պետք է սկսեմ նրանից, թե ինչպես շուկայական հարաբերությունները դարձրեցին իրավաբանական կարծիք, թե ինչպես հանցագործություն կատարելով իմ նկատմամբ փորձեցին հանցագործություն հիմնավորել, պետք է խոսեմ նրանից, թե ինչպես դատարանը սկսեց հանուն Հայաստանի Հանրապետության, բայց ավարտեց Հրաչիկ Բադալյանի խաթր, դրա համար էլ ոչինչ չեմ ուզում ասել, վարվեք այնպես, ինչպես գտնում եք նպատակահարմար»:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել