Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ավարտվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով դատաքննությունը

Մարտի 16-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա նիստին դատարանը բավարարելով ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրեց նրա առաջին տեղակալ Նորա Կարապետյանին, ով հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչում է աշխատանքի բերումով: Նա հաղորդեց, որ դեպարտամենտում աշխատանքի ընդունվել են միայն մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձինք, իսկ հիմնարկի ղեկավարն իրավունք չի ունեցել սեփական նախաձեռնությամբ նշանակելու որևէ մեկի:

Այսօրվա նիստին հրապարակվեց վկա Ռուզաննա Դարբինյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս բացակայում է հանրապետությունից: Ռուզաննա Դարբինյանն իր ցուցմունքում ասել է, որ ինքը գործով ամբաստանյալ, նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանին խնդրել է իր որդուն՝ Միքայել Ստեփանյանին տեղավորել աշխատանքի: Անգին Ղուկասյանը նրան պատասխանել է, որ հարկավոր է համաձայնության գալ Միսակ Մարտիրոսյանի հետ և դրա համար անհրաժեշտ կլինի նաև 1000 ԱՄՆ դոլարի չափով գումար: Դիմելուց 16 օր անց Անգին Ղուկասյանը զանգել է իրեն և ասել, որ Մ. Մարտիրոսյանը համաձայն է գումարի դիմաց իր որդուն տեղավորել աշխատանքի: Հաջորդ օրը Ռուզաննա Դարբինյանը գնացել է Անգին Ղուկասյանի մոտ և նրան հանձնել գումարը, որը նա պետք է փոխանցեր Մ. Մարտիրոսյանին: Դրանից հետո իր որդին մասնակցել է մրցույթին և հաղթել, այնուհետև անցել աշխատանքի:

Ռ.Դարբինյանը իր ցուցմունքում նշել է, որ դժգոհ չէ Անգին Ղուկասյանից և Միսակ Մարտիրոսյանից, քանի որ նրանք կատարել են իրենց խոստումը և որդուն տեղավորել են աշխատանքի: Իսկ որդին կաշառք տալու մասին իմացել է նախաքննության ընթացքում:

Այսօրվա դատական նիստին, դատարանը մերժեց ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանի և նրա պաշտպանի ներկայացրած երկու միջնորդությունները: Դրանցից առաջինով պաշտպանական կողմը խնդրում էր դատարան կանչել ու հարցաքննել գործի նախաքննական վարույթն իրականացրած քննիչին, իսկ մյուս միջնորդությունը կապված էր կաշառքի դրվագներով նախաքննական մարմնի գործողություների հետ:

Նիստի ընթացքում Միսակ Մարտիրոսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է իրենից հաղորդումը չընդունելու համար, իսկ մեղադրող կողը հայտնեց, որ ամբաստանյալը ամեն կերպ փորձում է խոչընդոտել դատաքննությունը: Այսօրվա նիստով ավարտվեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով դատաքննությունը:

Դատական վիճաբանությունների փուլը կսկսվի մարտի 30–ից:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել