Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով մեղադրող Հակոբ Մելքոնյանն այսօր հանդես եկավ ճառով: Դատարանում ներկա չէին ամբաստանյալների պաշտպանների մեծ մասը՝ դատարանի թույլտվությամբ:
«Գրեթե բոլոր ամբաստանյալները չընդունեցին իրենց կողմից իրականացրած արարքը՝ որպես կազմակերպված խմբի անդամ կատարելու փաստը: Ըստ մեղադրանքի կողմի այդ հանգամանքը առավելապես պայմանավորված է վերջիններիս կողմից կազմակերպված խումբ իրավաբանական եզրույթի ոչ լիարժեք պատկերացմամբ նաև»,- ճառում նշեց Հակոբ Մելքոնյանը:
Դատախազը միջնորդեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, որը չպետք է գերազանցի հանցագործությամբ պատճառված վնասի չափը և միաժամանակ զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով:
Դատախազը նաև միջնորդեց՝ Արմեն Մովսիսյանին դատապարտել 4 տարի ազատազրկման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել՝ երեք տարի ժամկետով, Գեղամ Գրիգորյանին դատապարտել 9 տարի ազատազրկման՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով, 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկել Արման Փալիկյանին, Մերուժան Կյուրեղյանին, Արեգ Գասպարյանին և Բագրատ Արիկյանցին, նրանց բոլորին՝ 3 տարի ժամկետով զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, Սաթենիկ Հովհաննսիյանին դատապարտել 5 տարի ժամկետով, Արմեն Ավագյանին՝ 6 տարի և զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից երեք տարի ժամկետով:
Անգին Ղուկասյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների դատական ծախսերը համապարտության կանոններով բռնագանձել ամբաստանյալներից:
Դատախազը միջնորդեց պատժից ազատել ամբաստանյալներ Գագիկ Խաչատրյանին, Եղիազար Սարգսյանին, Յուրա Մուշկիդյանովին՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ազգային ժողովի որոշմամբ 2-րդ կետի 4-րդ ենթակետով:
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ:
Գայանե Գևորգյան
Իրավաբան.net