Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վկայի խոսքերով` նա ոստիկանության 6-րդ վարչությունում շուրջ 14 ժամ է անցկացրել (լրացված)

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործն այսօր` նոյեմբերի 11-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց կաշառքի դրվագի դատաքննությամբ:

Ցուցմունք տվեց հիմնարկի Նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Արթուր Եղիազարյանը: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականին: Նրան հարցեր ուղղեցին քաղաքացի Արմեն Պետրոսյանի վերաբերյալ: Մեղադրական եզրակացության համաձայն` Արմեն Պետրոսյանը նշյալ մարմին աշխատանքի է ընդունվել խոշոր չափերի կաշառք տալու եղանակով: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել Անգին Ղուկասյանին, ըստ մեղադրանքի` նա հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հետ, 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսների ընթացքում Արմեն Պետրոսյանից և Միքայել Ստեփանյանից ստացել են խոշոր չափերի կաշառք: Վկան պատմեց, որ Արմեն Պետրոսյանը գործուղվել է իր ստորաբաժանում, նա այդ մասին չի իմացել, քանի որ գտնվում էր արձակուրդում:

Միսակ Մարտիրոսյանը որոշ հարցեր տվեց վկային, այնուհետև նշեց, որ նրա ցուցմունքում հակասություններ կան, պարոն Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտպանական կողմը հարցում է արել Դատական դեպարտամենտ և ստացել պատասխան, որ վկան արձակուրդի մեջ է գտնվել մինչև 2010թ. նոյեմբերի 8-ը, իսկ Արմեն Պետրոսյանի հրամանը եղել է նոյեմբերի 10-ին. «Այսինքն` ստացվում է, որ Դուք այդ մասին արդեն իմացել եք»,- նշեց ամբաստանյալը, ի պատասխան վկան ասաց, որ ոչնչից տեղյակ չի եղել:

Վկայի հարցաքննության ընթացքում ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը նաև հետաքրքրվեց, թե քանի ժամ է նա հարցաքննվել քննիչի մոտ, վկան պատասխանեց, որ հարցաքննություններից մեկը տևել է շուրջ 14 ժամ. «6-րդ վարչություն (Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն) մուտք եմ գործել գիշերը և դուրս եկել առավոտյան 12-ի կողմերը»:

«Ի՞նչ եք արել այդ ընթացքում 6-րդ վարչությունում, չե՞ք ցանկացել տուն գնալ»,- հետաքրքրվեց ամբաստանյալը. «Ոչ չեմ ուզեցել 6-րդ վարչությունից տուն գնալ, աթոռին նստած սպասում էի»,- պատասխանեց վկան:

Վկան նաև տեղեկացրեց, որ Արմեն Պետրոսյանի հետ խոսակցության ժամանակ, վերջինս իրեն ասել է, թե կաշառք է տվել անձնակազմի վարչության պետին, սակայն այս հանգամանքն իրեն չի հետաքրքրել և նա չի խորացել մանրամասների մեջ:

Բացի այս մի վկայից, այսօր դատարանում հարցաքննվեցին նաև շուրջ մեկ տասնյակ վկաներ, որոնք համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ` դատական կարգադրիչների համակարգում աշխատելու համար, սակայն տարբեր պատճառներից ելնելով աշխատանքի չեն գնացել: Ուշագրավ է, որ նրանցից շատերն իրենց նախաքննական ցուցմունքում տվել էին Գեղամ անունը, քննիչի հարցերի միջոցով պարզվել էր, որ վկաները առնչություն են ունեցել հիմնարկի պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի հետ, սակայն դատաքննության ընթացքում նրանք ամբաստանյալին անգամ դեմքով չէին ճանաչում: Վկաներից մեկին էլ դատավորը հարց տվեց. «Գեղամ Գրիգորյան, ծանոթ է այս անունը Ձեզ»,- վկան պատասխանեց. «Քննիչի մոտ լսել եմ»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել